Անհետ կորածների շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են՝ մեկ-երկու թուղթ, Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նա նաև հետևյալ դրվագն է ներկայացրել․
«Քննչական կոմիտեում 2020 թվականի պատերազմում անհետ կորածի քույրը քննիչին հարցնում է՝ ինչո՞ւ են վկաներին այսքան ուշ հարցաքննում: Նրա եղբոր հետ նույն մեքենայում եղած զինվորներից երկուսը փրկվել էին: Նրանց հարցաքննել են մոտ մեկ ամիս առաջ:
Գիտե՞ք քննիչը ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը, որի ընտանիքը 2020 թվականի հոկտեմբերից փնտրում է իր զինվորին: Ասել է՝ Ձեզ համար մեկ չի՞՝ հիմա՞, թե՞ երեք տարի առաջ ենք հարցաքննել:
Անհետ կորածների քրեական գործեր ենք ուսումնասիրում նրանց հարազատների օգնությամբ ու եկել ենք այն եզրակացության, որ շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են՝ մեկ-երկու թուղթ: Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»»։










