Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա․ Տիգրան Աբրահամյան


Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա․ Տիգրան Աբրահամյան
Հունիս 3 11:16 2023

Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

 

«Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա: 

 

Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ: 

Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա: 

 

Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում: 

 

Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»,- նշել է նա։