Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ. «Ժողովուրդ»


Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ. «Ժողովուրդ»
Հունիս 1 09:55 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, եւ ինչ արդյունքներ կան:

Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում եւ հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում ներկայացված է: Իսկ ի՞նչ է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ.
Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը եւ ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը եւ գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, եւ քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու եւ ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ եւ կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Դատելով իրավիճակից՝ Աննա Վարդապետյանը 1 տոննա Հերոինի հարցը Վրաստանի դատախազի մոտ բարձրացրել է, քանի որ 1 տոննա թմրանյութը, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Իսկ թե ինչ է հայտնաբերվել, ինչպես է Հերոինը հայտնվել ներմուծված բանանի մեջ, շարունակում է գաղտնի մնալ: Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում