Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ


Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ
Մայիս 30 11:56 2023

Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝  կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։

Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։

Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 միլիոն դրամ։

1 միլիոն դրամ պատվովճար կտրամադրվի, եթե ծառայությունն ամբողջությամբ ավարտվել է, իսկ եթե առողջական խնդիրներով ժամկետից շուտ զորացրում է եղել, բաժանվելու է 6 ամիսների վրա ու բազմապատկվելու փաստացի ծառայած ամիսների չափով։

Իգական սեռի ներկայացուցիչները իրավունք են ունենալու 6-ամսյա ժամկետի լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։

Նախարարը կարծում է՝ շատ կարևոր է, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ ու հավասար տղամարդկանց, այդ թվում՝ նաև հայրենիքը պաշտպանելիս։

«Ես կարծում եմ, որ կանայք շատ ավելի ուժեղ են, քան ձևավորված է կարծիքը, մենք ունենք իգական սեռի հայրենասեր ներկայացուցիչներ, ովքեր ուզում են ծառայել իրենց հայրենիքին»,- ասաց նա։