Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է. առաջադրված մեղադրանքը դեռ գաղտնի է


Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է. առաջադրված մեղադրանքը դեռ գաղտնի է
Մայիս 29 17:53 2023

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։ «Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը»,- տեղեկացրել է Շաբոյանը՝ չմանրամանելով, թե Ղազարյանն այս անգամ որ գործով է անցնում։

 

Factor.am-ը փորձել է կապ հաստատել նաև Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ազգային անվտանգության ծառայությունը ևս չպատասխանեց հեռախոսազանգին։ Հիշեցնենք՝ Ղազարյանը ձերբակալվել էր 5 տարի առաջ՝ 2018-ի հունիսի 25-ին, բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 հազար դոլար և 436 մլն դրամ, վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։

Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Ըստ ՀՔԾ-ի՝ քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018 թվականի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 միլիոն դրամի, 1.272.900 դոլարի և 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է: