Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. առևանգում կատարելու որևէ ապացույց չի ներկայացվել․ Պաշտպան


Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. առևանգում կատարելու որևէ ապացույց չի ներկայացվել․ Պաշտպան
Մայիս 29 16:05 2023

Արդեն գործն ուղղարկվել է ՀՀ դատախազություն, իսկ այսօր այն  ուղղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարան, իսկ թե ով է դատավորը, դեռևս պաշտպանության կողմին հայտնի չէ, ասուլիսի ժամանակ ասաց 44-օրա պատերազմում զոհված ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախաքննությունը բավականին կարճ է տևել:

«Կարելի է ասել՝ նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է և գործն այլևս դատարանի տիրույթում է», - նշեց փաստաբանը:

Անդրադառնալով նախկին պաշտպանների այն հայտարարությանը, թե արդյունավետ պաշտպանության գործիքակազմերը սպառված են՝ Սարգսյանը նշեց. «Բնականաբար, եթե մենք շարունակում ենք, ապա կարծում ենք, որ իրավական գործիքակազմը սպառված չէ»:

Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի խոսակցությունը տեղի  է ունեցել հանրային հարթակում, նա նստել է մեքենա: Գայանե Հակոբյանն իր բոլոր ցուցմունքները տվել է՝ հաստատելով իրողությունը: Մինչ այս պահը քննության փուլում որևէ ապացույց չի ներկայացվել, որով Գայանե Հակոբյանն առևանգում է կատարել», - հավելեց մյուս փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Պաշտպանի խոսքով՝ Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկացել գնալ Եռաբլուր, բայց մեքենան արդեն ընթացքի մեջ է եղել. «Գայանեի համար անսպասելի Աշոտ Փաշինյանը իրեն դուրս է գցել մեքենայից»:

Նա նշեց, որ նույնիսկ Աշոտ Փաշինյանի ցուցմունքի դեպքում էլ  հանցակազմը բացակայում է. «Ոչ թե ապացույցների բացակայության խնդիր ունենք, այլ հանցակազմն է բացակայում»: