Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության իշխանության․ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդ


Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության իշխանության․ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդ
Մայիս 26 17:28 2023

Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդի վարչության հայտարարությունը․

«Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցություն  է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։

Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաև խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի և ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ և թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն։ համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:

ԳԿԽ Վարչություն»։