Փաշինյանը Արցախի գործընկերներին կոչ է անում պատրաստակամությամբ մոտենալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևավորման օրակարգին


Փաշինյանը Արցախի գործընկերներին կոչ է անում պատրաստակամությամբ մոտենալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևավորման օրակարգին
Մայիս 24 21:58 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բանաձև է համարում  Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային ձևաչափով երկխոսությունը, որում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգության ապահովման հարցերը։

 

 

Վարչապետն այս կարծիքը հայտնեց Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ Արցախի խորհրդարանի մայիսի 22-ի տարածած հայտարարության վերաբերյալ։ Ալեքսանյանը վարչապետին ուղղված հարցում անդրադարձավ 2 օր առաջ Արցախի Ազգային ժողովի հրատապ նիստում հնչած ելույթներին` նշելով, որ իր մոտ տպավորություն էր, թե Արցախի պատգամավորները ՀՀ իշխանություններին փորձում էին ասել, որ չեն ուզում Ադրբեջանի հետ բանակցել, որ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեն, իսկ Արցախից ասեն՝ ինչպես բանակցել։

 

 

«Կարծում եմ՝ ճիշտ բանաձև է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։

 

Կարծում եմ՝  դա ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղղություն է։ Նաև կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին, այնուամենայնիվ, համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին: Իհարկե, մյուս կողմից էլ նաև Բաքվից էլ այդ պատրաստակամությունը պետք է լինի, որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։ Եվ գուցե դա է պատճառը նման վերաբերմունքի և ռեակցիայի։ Եկեք շատ արագ հետևություններ չանենք»,-  ասաց վարչապետը։