Տիգրան Ավինյանը չի հավատում այն հարցումներին, ըստ որոնց, իր վարկանիշը բավականին նվազել է


Տիգրան Ավինյանը չի հավատում այն հարցումներին, ըստ որոնց, իր վարկանիշը բավականին նվազել է
Մայիս 24 15:06 2023
Ես վստահ եմ, որ երևանցիներն իրենք իրենց խղճի համաձայն ընտրություն են կատարելու, և այն, վստահաբար, երևանցիների ու Երևանի շահերից է բխելու, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
 
«Եթե երևանցիները վստահեն մեր թիմին, ես վստահ եմ, որ Երևան քաղաքում և երևանցիների կյանքում մեծ փոփոխություններ կլինեն՝  դեպի լավը», - ասաց նա:

Ի պատասխան դիտարկմանը, թե ըստ սոցհարցումների իր վարկանիշն էականորեն նվազել է՝ Ավինյանը հայտարարեց, որ դրանք սուտ են.«Սուտ են այդ հարցումները: Գիտեմ, թե դրանք իրական ինչ պատկեր ունեն: Ունեմ տվյալ, թե այս պահին իմ վարկանիշն ինչքան է, բայց չեմ ասի, վստահաբար, անցողիկ է»:
 
Անդրադառնալով լրատվամիջոցի դեմ դատական հայցին և կիրառված կալանքին՝ Ավինյանը նշեց, որ ինքը որևէ  լրատվականի սնանկացնելու նպատակ չունի.«Բայց ստի, զրպարտանքի դեմ համապատասխան միջոցների դիմելու եմ: Խոսքի ազատության տեսանկյունից սա շատ կարևոր գործընթաց է, մի հատ մաքրման փուլ պետք է անցնենք, որպեսզի հասկանանք, թե դաշտում աշխատող լրատվականները օբյեկտիվ, ճշգրիտ ինֆորմացիա՞ են հասցնում, թե՞ ոչ»: