Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Մոսկվայում


Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Մոսկվայում
Մայիս 19 14:31 2023

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հաջորդ շաբաթ մենք, իսկապես, կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկ է արել ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում:

Հայկական կողմն ընդունել է առաջարկը. հանդիպումը կկայանա մայիսի 25-ին: