Զոհված զինծառայողների ձերբակալված ծնողներիին տեղափոխեցին քննչական բաժին


Զոհված զինծառայողների ձերբակալված ծնողներիին տեղափոխեցին քննչական բաժին
Մայիս 17 21:38 2023

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այսօր ձերբակալված 4 ծնողներին տեղափոխեցին քննչական բաժին:

 

Նշենք, որ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձերբակալվել է զոհված զինծառայողի մեկ ծնող: Ըստ էության ձերբակալվածը Գայանե Մարտիրոսյանն է ում մեքենան էր նստել Աշոտ Փաշինյանը:

 

 

Ավելի վաղ նա NEWS.am-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

 

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

 

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։

 

«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին, ըստ որի. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։