Հանցագործության համար մեղադրվող երիտասարդը «Ազատությանը» պատմել է՝ իրեն զինկոմիսարիատից զանգել առաջարկել են, թե քրեական պատասխանատվությունից կազատվի, եթե մեկնի վարժական հավաքների։
Երիտասարդը, որ հրաժարվել է ներկայանալ, պնդել է, որ զինկոմիսարիատից կանչել են՝ տեղում հարցը քննարկելու։ Իշխանությունները կտրականապես հերքում են այս պնդումները։
«Առաջարկ է հնչել, որ մոտենամ խոսեմ գլխավորներից մեկի հետ ու, ըստ առաջարկի, իմ կամքով մեկնեմ զորահավաքների՝ էն պարագայում, երբ ես քրեական գործով անցնող անձ եմ։ Առաջարկը հենց դրա համար էր, որ քրեական գործը կարճվեր», - պատմել է երիտասարդը։
Նա, սակայն, մերժել է առաջարկն ու այս մասին տեղեկացրել իր փաստաբանին։
«Խարդախելու իմաստն է, որպեսզի անձին, որը վարժական հավաքներին ենթակա չի, հավաքագրեն և տանեն», - ասել է փաստաբան Արսեն Մկրտչյանն է, ով արդեն նման երկու դեպքի է առնչվել․ մի դեպքում պաշտպանյալն արդեն մեկնել է հավաքների, բայց մեղադրանքը չեն հանել։
«Անձին համոզել են, ասել են՝ «մենք Ձեզ կօգնենք, որպեսզի քրեական գործերդ բարենպաստ լուծումներ ստանան, և մարդը, գյուղաբնակ լինելով, համոզվել է, որ «փաստաբան ջան, գնամ մասնակցեմ, ինչ է եղել, հո վնաս չեն տա»», - պատմել է Արսեն Մկրտչյանը։
Երկրորդ պաշտպանյալը, սակայն, հրաժարվել է և զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձի հորդորներին ի պատասխան հակադարձել՝ «փաստաբանս ասում է՝ նման բան չի կարող լինել»։
«Ասում են՝ «քո փաստաբանը ինչ է հասկանում, մենք ավելի լավ ենք հասկանում», - պատմել է Մկրտչյանը։
Փաստաբանի կարծիքով՝ զինկոմիսարիատներն այս քայլին են գնում ռեսուրսների պակասի պատճառով. - «Այսինքն՝ հիմնականում հայտնի ուժերի զավակներն են, փեսաներն են, հորեղբոր տղաները, բարեկամներն են, որտեղի՞ց պետք է համալրվի այդ զանգվածը՝ կամ ընդդիմադիր դասից, կամ խեղճ ու կրակ էն մարդիկ, որոնք հանիրավի քրեական հետապնդումների տակ են գտնվում»:
Մինչդեռ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կտրականապես հերքում է այս պնդումները։
«Ստում են, որ ասում են էդպիսի բան», - ասել է Քոչարյանը։
Իշխանական պատգամավորի խոսքով՝ այս մեխանիզմը ռուս-ուկրաինական պատերազմում է կիրառվում, բայց ոչ Հայաստանում։
«Ով որ էդպիսի բան է ասում, ինքը խառնում է երևի․ ռուս-ուկրաինական պատերազմում էդպիսի ուժեր օգտագործում են, էդպիսի մեխանիզմներ կան, Հայաստանում էդպիսի մեխանիզմներ չկան և չեն էլ կարող լինել», - ասել է Քոչարյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










