Բրյուսելում «միջանցքի» մասին չխոսվեց, ինչը ցույց է տալիս միջնորդների դիրքորոշումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Շառլ Միշելն իր խոսքում չհստակեցրեց՝ արդյոք Ալիևը հրաժարվել է «Զագեզուրի միջանցքի» գաղափարից։
«Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է , որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», - ասաց Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք, ինչպես նշվում է, կողմերի դիրքորոշումները մոտ են տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում և ինչ շինաշխատանքների մասին է խոսք գնում՝ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ այդ ճանապարհների հարցը հայկական կողմի կարմիր գծերից մեկն է, ուստի մինչ դրանց մասով ժամկետներից խոսելը դեռ պարզելու հարցեր կան։
«Խոսքը երկաթուղու մասին է։ Այն պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության տակ։ Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին», - հավելեց նա։










