Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյան


Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյան
Մայիս 5 15:50 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար:

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում կամ՝ ոչ բարիդրացիական քայլ»,- ասել է նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից ու այս մակարդակում կայացված որոշումներին ականատես են բոլորը:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման»,- ընդգծել է ԱԺ նախագահը։