«Եթե այսօր լինեն ընտրություններ՝ արտահերթ կամ հերթական, այն 2 % հաստատ չի լինի, բնական է, որ 21 %-ը պետք է անկում ապրի, ինչպես իշխանության ստացած տոկոսները»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով Միջազգային հանրապետական իստիտուտի հարցումների վերջին տվյալները՝ ըստ որի՝ «Հայաստան» դաշինքն ունի 2 % կողմնակից:
Նազարյանի կարծիքով՝ հետընտրական շրջանում երկու ուժերին էլ սուր քննադատության են ենթարկվում, իսկ այն արվում աշխատողի նկատմամբ, չաշխատողը չի քննադատվում:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քարոզարշավի ընթացքում մենք նորից կմտնենք այդ խոսակցության մեջ և այդ 2 %-ն, օրինակ, կդառնա 200%, մեկ-մեկ դառնում է, չէ՞»:
Նա հայտնեց, որ հայ մարդը որպես կանոն փակ է և նույնիսկ սոցիոլոգիական հարցմանը պատասխանելիս մտածում է, թե այն իր ընտանիքի համար օգուտ է, թե ոչ:
«Այսօր ժողովրդի շրջանում ամենաշատը դժգոհում են դատավորներից, ոստիկաններից, իրավապահ համակարգից, բայց սոցհարցումներում տեսնում եմ, որ ամենաբարձր վարկանիշն ունի ոստիկանությունը»,-ասաց Գեղամ Նազարյանը և փաստելով, որ հարցման առաջին երկու կետով՝ «գոհ եմ» և «մասնակիորեն գոհ եմ» թվերով ոստիկանությունն առաջին հորիզոնականում է, հավելեց. «Ոստիկանությունը շրջանցում է եկեղեցուն, սա էլ ձեր սոցհարցումը, դե արի ու հավատա, կամ, դրա վրա հիմնվելով, դատողություն արա»:
Նա հայտնեց, որ անընդհատ հանդիպում է բնակչության հետ և լավ գիտի, թե վերջինս ինչ է ուզում պատգամավորից և իշխանություններից:










