Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)


Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)
Մայիս 3 01:11 2023

 

 Մաֆիան, որքան էլ նույնացվի իտալական, հատկապես՝ սիցիլիական հանցավորության հետ, այսօր արդեն ընդունվում է որպես համընդհանուր տերմին, որն իմաստավորում է աշխարհի հանցավոր գաղափարական կազմակերպությունները: Թեև ճիշտն այն է, որ մաֆիան, որպես երևույթ, հենց իտալական և վաղ ծագում ունի, բայց «մաֆիա» բառն իտալերենում սկսել է կայուն գործածվել միայն 1860-ական թվականներից: Նախ, 1863-ին Պալերմոյի թատրոնում բեմադրվեց Ջուզեպպե Ռիզզոտտոյի և Գասպարե Մոսկայի «Վիկարիայի մաֆիոզները» (I mafiusi de la Vicaria») կատակերգությունը: Թեև դրանում «մաֆիա» և «մաֆիոզ» բառերը չեն էլ հիշատակվում, իսկ վերնագրում վերջինն օգտագործվել է տեղական կոլորիտ ապահովելու համար, սակայն կատակերգությունը Պալերմոյի բանտում ձևավորված բանդայի մասին է, որն իր բնութագրով նման է մաֆիային: Իսկ այսօրվա ընկալմամբ` «մաֆիա» բառի առաջին պաշտոնական հիշատակությունը Թուրինից որպես կառավարության ներկայացուցիչ ուղարկված Պալերմոյի պրեֆեկտ Ֆիլիպպո Անտոնիո Գվալտերիոյի 1865 թ. զեկույցում է, որում նշվում է, որ «մաֆիան ավելի համարձակ է դարձել»: 

Մաֆիայի զարգացման պատմության տարբեր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն, խորհրդային գողական աշխարհի պես, պատմության ընթացքում հանցավոր տարրերի մեջ էլիտայի առանձնացման արդյունք է: Մաֆիան ձևավորվել է ֆեոդալիզմի ժամանակներից, զարգացման ավելի ակտիվ փուլ անցել 19-րդ դարում և վերջնականապես ձևավորվել 20-րդ դարի սկզբին: Վերջնականորեն ձևավորված հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում դրսևորվում էին ոչ այնքան որպես հանցագործներ, որքան հասարակ մարդկանց և հանցագործների համար հեղինակություններ, ովքեր իրենց բարձր էին դասում ոչ միայն այլ հանցագործներից, այլ նաև պետությունից և հանդես գալիս որպես պետությանն այլընտրանք: Երբ պետության ներկայացուցիչներն ի զորու չէին կարգուկանոն պահպանել քաղաքում, այդ հոգսն իրենց վրա էին վերցնում հենց մաֆիայի ներկայացուցիչները: Նրանց հեղինակությունն էլ ավելի աճեց, երբ հարուստներից գողացածն սկսեցին կիսել աղքատների հետ:

 

Մաֆիայի պատմությունը փաստում է, որ այն նույնպես գործում է «օմերտայի»՝ կամ մաֆիայի օրենսգրքի վրա, որը վարքագծի պատվիրաններ է պարունակում: Այդ պատվիրանների մի մասը նման է խորհրդային գողական աշխարհի օրենքներին, ինչպես օրինակ լռության պահանջը, մաֆիայի գոյությունն ընդունելու արգելքը, թմրավաճառության արգելքի կանոնը, պետության ներկայացուցիչներին սպանելու և մաֆիայի դեմ պատերազմ սադրելու արգելքը և այլն: Բայց եթե գողական աշխարհում այդ օրենքների խախտման մասին խոսվում է վերջին 20-30 տարիներին, ապա իտալո-ամերիկյան մաֆիայում թմրավաճառությամբ զբաղվում և դրանց ոլորտները ղեկավարելու համար միմյանց սպանում էին ձևավորման առաջին իսկ օրից: 2007 թվականին Կոզա Նոստրայի նորագույն պատմության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից Սալվատորե Լո Պիկոլոյի ձերբակալության ժամանակ հայտնաբերվել է նաև մաֆիոզին ներկայացվող պատվիրանները կազմող օրենսգիրքը, որում ավելի քան հետաքրքիր, բայց պահպանությունից դուրս մնացած կանոններ կան, ինչպես դեմքին մազածածկույթ չունենալն է, ուրիշների կանանց վրա աչք չդնելը և այլն:

 

Մաֆիայի ու խորհրդային գողական աշխարհի հիմնական տարբերությունը նրանում է, որ մաֆիան միատարր չէ և երբեք չի եղել: Սա չի նշանակում, որ խորհրդային գողական աշխարհում բախումներ չկային կամ մաֆիայում ներքին համագործակցություն չկար կամ չկա: Հակառակը, մաֆիային բնորոշ կառավարման ձևը այն միասնական պահելու բավականին լուրջ շանսեր էր տալիս: Բանն այն է, որ եթե խորհրդային գողական աշխարհում միասնական ղեկավարում չկար, ղեկավարող միավորներ առանձնացված չէին, չկային առանձին խմբեր ու կլաններ և գողական աշխարհը համարվում էր բոլորի ընդհանուր տունն ու ընտանիքը, իսկ բոլոր օրենքով գողերը դրա հավասար անդամները, ապա դասական մաֆիաները նախ ճյուղավորումներ, ապա նաև ներքին կլանային բաժանումներ ունեն:

 

Օրինակ, իտալական մաֆիան կազմված է մի քանի հանցավոր խմբավորումներից, որոնցից ամենահզորները սիցիլիական Կոզա Նոստրան (Cosa Nostra` «Մեր գործը»), նեապոլիտանական Կամմորան (Camorra` Մորրա խաղի անվանումից), կալաբրիական Նդրանգետան (Ndrangheta՝ հունարեն νδραγαθία՝ քաջ բառից), իտալական Ապուլիայում ձևավորված Սակրա Կորոնա Յունիտան (Sacra corona unita` «Միացյալ սրբազան թագ») ու Սիցիլիայի Ագրիջենտո և Կալտանիսսետտե քաղաքներում ձևավորված Ստիդդան (La Stidda` «Աստղ») են

 

Իտալական մաֆիայի քարտեզը

 

Մաֆիայի ներսում դրա անդամները միավորվում են ընտանիքների կամ կլանների մեջ, որոնք Կոզա Նոստրայում Կոսկա՝ Cosca են կոչվում: Կլանը կամ ընտանիքը մաֆիայի ամենափոքր միավորն է, որում մաֆիայի անդամները միավորված են հստակ հիերարխիկ կառուցվածքով:

 

Սիցիլիական մաֆիայի ընտանիք

 

Մաֆիայի կառուցվածքի մաս էին կազմում նաև Մանդամենտոները/Mandamento, որոնք ձևավորվում էին նույն տարածքում կամ քաղաքում առկա, որպես կանոն, 3 կլաններից: Դրանց ղեկավարներից մեկը նաև մանդամենտոի ղեկավարն էր և հենց նա էր շրջանը ներկայացնում մաֆիայի հանձնաժողովում: Կապոմանդամենտո/Capomandamento, այսինքն՝ մանդամենտոյի բոսս, որպես կանոն, դառնում էր երեք ընտանիքների ղեկավարներից ամենաազդեցիկը: 

 

Մանդամենտոներն ու կլանները Պալերմոյում

 

Կլանի ղեկավարը Կապոն/Capo է՝ Դոնը, որին տարբեր աղբյուրներում նաև Բոսս են անվանում, հատկապես, երբ խոսքը գնում է ամերիկյանացված կլանների մասին: Դոն դառնում են, որպես կանոն, կամ կրտսեր Դոները՝ Դոնի այսպես կոչված տեղակալները, կամ կլանի ազդեցիկ անդամներից մեկը, չնայած, որ պատմությանը հայտնի են դեպքեր երբ կլանի ղեկավարի սպանությունից հետո այն մտել է այլ կլանի ազդեցության տակ ու Կապոն փաստացի դրածո է եղել:

 

Կրտսեր Դոնի (Underboss) կամ Դոնի տեղակալի կարգավիճակ կրում է Դոնի «աջ ձեռքը» համարվող անձը, որը հաճախ նրա արյունակիցն է լինում կամ կլանի մեջ ամենավստահելին: Կարելի է ասել, որ այդպիսի կարգավիճակ Դոների կողմից տրվել է հենց ամենահավակնոտներին, ում նրանք սկսել են պատրաստել որպես իրենց փոխարինող:

 Ավելին՝ սկզբնաղբյուրում