Շաբաթօրյակին չեմ մասնակցել, բայց իմ ընտանիքում սեղանի շուրջ նշել եմ Քաղաքացու օրը․ Հովիկ Աղազարյան


Շաբաթօրյակին չեմ մասնակցել, բայց իմ ընտանիքում սեղանի շուրջ նշել եմ Քաղաքացու օրը․ Հովիկ Աղազարյան
Մայիս 1 15:28 2023

Այս անգամ Քաղաքացու օրը համընդհանուր շաբաթօրյակի ձևով նշվեց, որովհետև հիմա խնջույքներ, ցույցեր անելու տրամադրվածություն չկա, բնականաբար։ Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

Նրա խոսքով՝ նախկինում կարելի էր համատեղել, իսկ հիմա նշվել է այս ձևով, որը իրապես քաղաքացուն հարիր կեցվածք է։ Հարցին՝ մասնակցե՞լ է շաբաթօրյակին, Աղազարյանը բացասական պատասխան տվեց։ Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ու ծառ է տնկել, պատգամավորը պատասխանեց․ «Ես էլ ջրել եմ»։

 

Հարցին՝ Հայաստանում հպարտ քաղաքացիներ կա՞ն հիմա, ինքն իրեն հպարտ քաղաքացի զգո՞ւմ է՝ Աղազարյանը պատասխանեց․ «Մենք թարմ կորուստներ էլ ունենք և ոչ ռազմի դաշտում, կորուստներ են, որոնք այլ պայմաններում են եղել և պիտի չլինեին, և հետևաբար նաև չկա այդ անհրաժեշտությունը ուրիշ ձևով տոնելու։ Մյուս կողմից էլ այս տոնը դեռ պիտի արմատավորվի մեզ մոտ իր բովանդակային լուրջ իմաստով։ Քաղաքացի հասկացողությունը շատ կարևոր է, քաղաքացին պիտի զգա իրեն իր երկրի տերը, մենք դեռ էդ ճանապարհին ենք, մեր պետականությունը կարևորենք, դարձնենք մեզ համար մեծ և կարևոր նպատակ, որպեսզի հզորացնենք, որի հետ կապված էլ կլուծվեն մյուս խնդիրները»։

 

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք 2018թ-ին քաղաքացին իրեն ավելի շատ չէր զգում երկրի տերը, քան հիմա, երբ չնայած խոստմանը, որ բոլոր կարևոր որոշումները պետք է ժողովրդի հետ քննարկման արդյունքում կայացվեն, հիմա կայացվում են միանձնյա և հաճախ վճռորոշ քայլերի ավարտից հետո է քաղաքացին իմանում դրանց մասին, Աղազարյանը նշեց, որ տեսակետը չի կիսում, քանի որ այն ժամանակ հասարակության մոտ հեղափոխական խանդավառ տրամադրություն էր, որովհետև բոլորը ցանկանում էին ավելի շուտ բերել վաղվա Հայաստանը, և չնայած այդ ճանապարհին խնդիրներ առաջացան, որը դժվարացրել է ճանապարհը, բայց ուղին չի փոխվել։

 

«Այն իրողությունները, որոնք այսօր կան Հայաստանում, բավականին լավ հիմքի վրա դրված ժողովրդավարական իրողություններ են, որտեղ, ուզենք, թե չուզենք, ժողովուրդը իր կարծիքը հայտնում է՝ ընդդիմության միջոցով, իշխանության պատգամավորների կողմից հարցեր տալու միջոցով, թերություններ, իհարկե, կան, դրանք ժամանակի ընթացքում կուղղվեն»։

 

Հարցին՝ որպես հպարտ քաղաքացի որևէ մեկին շնորհավորե՞լ է, կամ շնորհավորանքներ ստացե՞լ է և ինչպես է նշել օրը՝ Աղազարյանը պատասխանեց․ «Շատ քիչ շնորհավորանքներ եմ ստացել, բայց ես իմ ընտանիքում սեղանի շուրջ նշել եմ Քաղաքացու օրը»։

 

Հիշեցնենք՝ ՀՀ տոների և հիշատակության մասին օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: