Պակիստանի ոստիկանությունը 2 մահմեդական հոգեւորականի է ձերբակալել արևելյան Փենջաբ նահանգի կրոնական դպրոցում 10-ամյա տղային բռնաբարելու համար, կիրակի օրը հայտնել են պաշտոնյաները: Այս մասին գրել է AP-ն։
Խանևալ շրջանի ոստիկանության խոսնակ Չաուդրի Իմրանն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ տղայի հորեղբայրը գնացել է այցելելու իր եղբորորդուն, ու ժամանելով, տեսել, որ նրան բռնաբարում է մի հոգևորական դպրոցի կողային սենյակում, մինչ մեկ այլ հոգևորական սպասելիս է եղել:
Իմրանն ասել է, որ տղայի հորեղբայրը բողոք է ներկայացրել, որի համաձայն՝ 10-ամյա երեխան բռնության է ենթարկվել երկու հոգևորականների կողմից այն ճեմարանում, որտեղ սովորում է վերջին տարին:
Ոստիկանությունը նախնական հետաքննություն է անցկացրել, այնուհետև ձերբակալել է երկու կասկածյալի, իսկ տղան հոգեբանական ու ֆիզիկական տրավմաներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
«Պակիստանի կրոնական դպրոցներում երեխաների նկատմամբ սեռական բռնությունը տարածված է, ծնողների և հարազատների բողոքները հազվադեպ են հանգեցնում մեղադրյալ կրոնական հոգևորականների ձերբակալությանը»,- գրել է AP-ն:
2020 թվականի մայիսին Associated Press-ի կողմից իրականացված հետաքննությունը հայտնաբերել է ոստիկանության տասնյակ հաղորդումներ, որոնք պնդում են սեռական ոտնձգությունների, բռնաբարությունների ու ֆիզիկական բռնությունների մասին իսլամական հոգևորականների կողմից, որոնք դասավանդում են Պակիստանի մեդրեսեներում կամ կրոնական դպրոցներում: Աշակերտներից շատերը, ովքեր սովորում են մեդրեսեներում, աղքատ են։
Շատ ընտանիքներ, ամոթից ու վախից, որ սեռական բռնության ենթարկվելու խարանը կհետևի երեխային մինչև հասուն տարիք, նախընտրում են հրաժարվել մեղադրանքից կամ հաճախ հարկադրված «ներում են» հոգևորականներին:










