Արսեն Բաբայան. Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է


Արսեն Բաբայան. Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է
Ապրիլ 29 10:11 2023

Արաբկիրի նախկին համայնքապետ Հովհաննես Շահինյանի պաշտպան Արսեն Բաբայանը պնդում է՝ Շահինյանի նկատմամաբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնում է.

«Բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպան եմ, կան Հայաստանից բացակայող մեղադրյալներ:

Այդ բոլոր դեպքերում ստանձնել եմ պաշտպանությունը մեղադրյալների կողմից ստորագրված համաձայնագրերով կամ դիմումներով, որոնց սքանավորված պատճեններն ուղարկել եմ քննչական և բոլոր այդ գործերով երբևէ պաշտպանությունը ստանձնելու խոչընդոտներ չեմ ունեցել:

Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է:

Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունն ինձ որպես Շահինյանի պաշտպան չի ճանաչում, ասում են, թե պետք է գրավոր համաձայնության բնօրինակը ներկայացվի: Ի դեպ, կանխատեսելով, որ կոնկրետ Շահինյանի գործով քննչականը դիմելու է աննախադեպ ապօրինությունների՝ համաձայնագիրը քննչականին էի ուղարկել նաև հատուկ լուսանկարով, որում Շահինյանն իր ձեռքում ցույց է տալիս իր ստորագրած համաձայնությունը:

Բայց նույնիսկ այդ լուսանկարը քննչականին չկարողացավ զերծ պահել ակնհայտ ապօրինությունից: Նրանք պահանջում են բնօրինակը: Չեմ զարմանա, եթե բնօրինակն ուղարկելուց հետո էլ պահանջեն, որ այն պետք է լինի նոտարական վավերացմամբ, մինչդեռ օրենքն այդպիսի պահանջ ոչ միայն չի սահմանում, այլև բացառում է:

Այս ամենն ուղիղ վկայությունն է այն իրողության, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվում է հենց քաղաքական հետապնդում: Որովհետև, եթե մեկ անձի նկատմամբ նույն պայմաններում կիրառվում է խտրականություն, դրվում են պահանջներ, որոնք չէին դրվել մնացածների դեպքում, սա միջազգային բազմաթիվ փաստաթղթերով հենց քաղաքական հետապնդման ուղղակի ապացույց է:

Հ.Գ. Սա հետագայում հիմք է դառնալու եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար»։