Մեղմ ասած՝ փոշմանել եմ, որ «մերժել եմ Սերժին»․ Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացին մանրամասներ է պատմում միջադեպից


Մեղմ ասած՝ փոշմանել եմ, որ «մերժել եմ Սերժին»․ Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացին մանրամասներ է պատմում միջադեպից
Ապրիլ 27 14:38 2023

Ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» է անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նրան ձերբակալել և տարել են ոստիկանական բաժին։ Միջադեպից հետո Սամվելին տնօրենը ազատել է աշխատանքից։

 

 

Tert.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանը մանրամասներ է պատմել դեպքից։

 

— Ի՞նչ խոսակցություն եք ունեցել Ձեր տնօրենի հետ միջադեպից հետ։

 

 

— Տնօրենս շատ ծանր է տարել իմ մասնակցությամբ միջադեպը, ինձ մեղադրում էր, որ քաղաքացիական դիրքորոշում եմ արտահայտել «ընտրված նախագահի հասցեին», բացառի ցիտում եմ նրան։ Դեպքից հետո ինձ ասաց, որ իրավունք չունեի նման բան անել, քանի որ գտնվում էի աշխատանքի մեջ, բայց դեպքը աշխատավայրից դուրս է եղել, աշխատանքի գնալու ճանապարհին։ Իր կարծիքով՝ իմ այդ քայլով ես վտանգել եմ իր բիզենսը, վախեցել է, որ հետագայում ինքը խնդիրներ կարող է ունենալ։ Անգամ մեղադրում էր, որ միջադեպից հետո, երբ դուրս եմ եկել ոստիկանական բաժանմունքից, չպետք է վերադառնայի աշխատավայր, քանի, որ ինձ կարող է հետապնդեին։ Զավեշտալին այն էր, որ ինքը սպասում էր, որ ներողություն պետք է խնդրեմ ու ասեմ, որ նման բան էլ չի կրկնվի, ինչ բնականաբար չէր կարող լինել։ Ես չեմ կարող հստակ ասել՝ նախկին տնօրենս ի՞նչ քաղաքական հայացքներ ունի, բայց, հաշվի առելով իր ագրեսիվ արձագանքը, ենթադրում եմ, թե ինչ քաղաքական հայացքներ կարող է ունենալ։ Բացի այդ, աշխատանքի ընդուվելիս ես ասել եմ, որ ունեմ ընդդիմադիր քաղաքական հայացքներ, ինքը գիտեր դրա մասին։ Նույնն ասելու եմ նաև նոր տնօրենին՝ նոր աշխատանքի ընդունվելիս, թող իրենք որոշեն։

 

— Ձեզ բերման են ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով, ի՞նչ գտան։

 

— Խուզարկության ժամանակ գտել են մի քանի յոգուրտ, որոնք այո սառն էին, երկու բանան, գիրք, որը այս պահին կարդում եմ ու մի բլոկնոտ»։

 

— Նիկոլ Փաշինյանին փողոցում կրկին տեսնելուց՝ կկրկնե՞ք Ձեր քայլը։

 

— Այո, վստահաբար նորից կանեի։

 

— Ձեր կարծիքով ի՞նչ արդյունք են տալիս նմանատիպ ակցիաները։

 

— Դա հանրային պարսավանքի ինստիտուտ է, այն իհարկե արդյունավետ է։ Շատերն ուղղակի կաշկանդվում են վախով, որ իրենց կարող են բերման ենթարկել և այլն։ Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ պես մտածող մարդիկ առավոտից երեկո նրանց տեսնելիս այդպես վարվեն, ինչ ճնշում կլինի նրանց վրա։

 

— Մասնակացե՞լ եք 2018թ-ի հեղափոխությանը։

 

— Ես վաղուց արդեն այն հեղափոխություն չեմ ասում, անվանում եմ խեղափոխություն, բայց, ցավոք սրտի, այո մասնկացել եմ։

 

— Ի՞նչն էր Ձեզ փողոց դուրս բերել այդ ժամանակ։

 

— Այդ ժամանակ ես ավելի շատ «մերժում էի Սերժին» ցավոք սրտի, ոչ թե հանուն Նիկոլի էի փողոց դուրս եկել, իսկ Նիկոլը, որպես «Քաջ Նազար» հայտնվեց ճիշտ պահին, ճիշտ տեղում, լուրջ կենտրոններ շատ երկար աշխատեցին նրա վրա ու բերեցին, կապեցին մեր վզին։ Մեղմ ասած` փոշմանել եմ, որ մերժել եմ Սերժին։ Հենց 2018թ-ից արդեն փոշմանել եմ, որ մասնակցել եմ դրան։

 

— Այս ընթացքում ստացե՞լ եք ինչ-որ սպառնալիքներ, կամ ենթարկվե՞լ եք հետապնդումների։

 

— Սոցիալական հարթակում բազմաթիվ վիրավորանքեր եմ ստացել, ինձ անգամ թուրք էլ են գրում, բայց սոցիալական հարթակներից դուրս չէ, չի եղել։ Ավելի վաղ, իմ հակաիշխանական գրառումների համար ու քաղաքական հայացքների համար տհաճ միջադեպեր եղել են համալսարանում և այլն։