«Պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինն էականորեն ավելացել է, արտարժույթովինը՝ էականորեն նվազել է, սա նշանակում է, որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն է դարձել»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է 10 մլրդ դոլարի պետական պարտքը:
«Բայց մենք մեր քաղաքացիներին պետք է ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ այն 46%-է և Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Քովիդի ժամանակ խնդիր էր առաջացել»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երկրները դասակարգվում են թեթև, միջին և մեծ պարտք ունեցողների:
«Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերադասվում է թեթև պարտք ունեցող երկրների թվին»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց. «ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նավազեցմամբ դիմակայութնության մեծ պաշար են ձեռք բերել և ճգնաժամային իրավիճակում կամ պետական կարևոր ծրագրերի համար կարող ենք գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, այլ այն, թե պարտքն ինչպես ենք օգտագործում տնտեսական աճի ներուժը մեծացնելու համար: Կարևոր է, որ պարտքը ներգրավում են կապիտալ ներդրումների համար, որի նպատակը նոր միջոցների գեներացումն է»:
Նիկոլ Փաշինյանը անցավ տնտեսական ցուցանիշների ներկայացմանը և, տարվելով բյուջետային մոտքերի միլիարդների ներկայացմամբ, միլիարդներով սկսեց ներկայացնել նաև մեկ աշխատողի աշխատավարձը:
«2018 թվականի մայիսի նկատմամբ, այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավել է 125 հազար դրամով կամ 71%-ով, փետրվարի նկատմամաբ 35 հազար դրամով կամ 848 %-ով… կներեք՝ 35 մլրդ 548 մլն դրամով կամ 13.5%-ով: Այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի նկատմամաբ 58 մլրդ…. Ներողություն, էլի խառնեցի, այստեղ խոսքը, ցավոք սրտի, մի մարդու աշխատավարձի մասին չէր միլիարդները»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց ուղղած թվերով ներկայացնել նույն ցուցանիշները՝ ասելով. «2023 թվականի մարտին, 2018 թվականի մարտի նկատմամբ մեկ մարդու աշխատավարձն ավել է 125,313 դրամով կամ 71 %-ով, 2023 մարտին փետրվարի նկատմամբ 35,848 դամ, կամ 13 %, ով, իսկ 2023 թվականի մարտը նախորդ տարվա մարտի նկատմամբ ավել է 58 հազար դրամով կամ 23 %-ով»:










