Հայաստանի ԱԽ քարտուղարը 3 րոպեում 3 անգամ կրկնեց՝ «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»․ «պատկանում է», ոչ թե վերահսկվում


Հայաստանի ԱԽ քարտուղարը 3 րոպեում 3 անգամ կրկնեց՝ «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»․ «պատկանում է», ոչ թե վերահսկվում
Ապրիլ 27 00:06 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների թեմայով հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 3 րոպեում 3 անգամ կրկնեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Մի բան շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները»,- առաջին անգամ ասաց  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հաղորդավարի ճշտող հարցին՝ պատկանու՞մ է ՌԴ-ին, թե՞ վերահսկվում է ՌԴ կողմից, Գրիգորյանը վերահաստատեց իր պնդումը․ «Պատկանում է»։

«Պատկանում է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը, և այս պահին այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասաց  ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի, որ 120 000 հայերն, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտման չենթարկվեն։

«Եթե բանակցություններով չեն լուծվում այդ հարցերը, ապա պետք է գործողություններ հետևեն»,- Ռուսաստանից իր ակնկալիքները հայտնեց  Գրիգորյանը։

«Կա օբյեկտիվ իրականություն․ ինչպես նշեցի, նոյեմբերի 9-ով Լաչինի միջանցքը ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այստեղ ոչ ոք չի կարող ոչ մեկին մեղավոր նշանակել․ կա պատասխանատվություն, և պատասխանատվությունը թղթով  հստակ է, բանավոր հայտարարություներով չէ, որ հստակ է»,- հավելեց Արմեն Գրիգորյանը։