Ովքեր են ամենախոշոր նվիրատվությունները ստացած ՔՊ-ական պաշտոնյաները


Ովքեր են ամենախոշոր նվիրատվությունները ստացած ՔՊ-ական պաշտոնյաները
Ապրիլ 26 20:01 2023

Շաբաթներ առաջ  կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կտրուկ կերպով էր արտահայտվել պետական կառույցների կողմից որպես նվիրատվություն ընդունված գույքի մասին` նշելով, որ այդ նվիրատվությունը կամ բարեգործությունը պետք է կատարվի կառավարության սահմանած ռազմավարության համաձայն և պետք է համապատասխանի այդ նույն ռազմավարության մեջ նշված չափորոշիչներին: Հակառակ դեպքում` ո՛չ լոբի, ո՛չ բրինձ, ոչ էլ Դավինչիի նկարների օրիգինալներ չպետք է հայտնվեն այդ կառույցներում:

 

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Վերջերս հայտնի դարձավ, որ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն, մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին` այսօր ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..

 

 

Դիցուք՝ եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

 

 

Երևանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում նշել է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:

 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նույնպես ճոխ նվիրատվություններ է ստացել։ Դիցուք` Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։

 

2020-ին Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL,TOYOTA. MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կինը որպես նվիրատվություն է ստացել 1,760,550.00 դրամ, 370,000.00 և 160,000.00 ռուսական ռուբլի:

 

 

Խիստ ուշագրավ է նաև նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե  2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ  է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավորը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

 

Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:

 

Պետական եկամուտների թիվ 3 վերլուծության բաժնի պետ Սուրեն Գալստյանը գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերջին  հայտարարագրում նշել է 3 «հատ» 1․9  միլիոն դրամի նվիրատվություն։ Ուշագրավ է, որ պետական համակարգի սույն պաշտոնյան պարբերաբար և այսպիսի «համարափ» նվիրատվություններ և կամ օգնություններ է ստանում։

 

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անչափ ուշագրավ նվիրատվություն է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:

 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2,000,000.00 դրամի նվիրատվություն, որը ստացվել է 2020 թվականին:

 

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ:

 

Ինչպես տեսնում ենք՝ վարչապետ դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են միլիոններ գնահատվող գույք ստանալ որպես նվեր, սակայն Փաշինյանն այլևս իրավապահներին չի ուղարկում իր թիմակիցների ստացած նվերների աղբյուրները ստուգելու, կոռուպցիոն ռիսկ էլ այլևս չի տեսնում...