Լյարդի ճարպակալումը 27 տոկոսով ավելացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը


Լյարդի ճարպակալումը 27 տոկոսով ավելացնում է քաղցկեղի առաջացման  հավանականությունը
Ապրիլ 26 01:01 2023

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության (ԼՈԱՃՀ) դեպքում քաղցկեղի ցանկացած տեսակի վտանգն ավելանում է 27 տոկոսով։ Այս մասին վկայում է Կարոլինայի ինստիտուտի եւ Կոլումբիական համալսարանի գիտնականների հետազոտությունը։

 

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) անվանում են ճարպի կուտակում ալկոհոլը չչարաշահող մարդկանց լյարդում։ ԼՈԱՃՀ-ից տառապում է մոլորակի մեծահասակ բնակչության մոտ 25 տոկոսը։ Հիվանդության վտանգավոր բարդություններից են լյարդի ցիռոզը, լյարդի անբավարարությունը եւ լյարդի քաղցկեղը։ Սակայն ԼՈԱՃՀ ունեցող պացիենտների մահվան ամենատարածված պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է։

 

 

Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են մոտ 40 հազար մարդկանց տվյալները, որոնց հետեւել են 1966-2016թթ.։ Այդ ընթացքում հիստոլոգիապես հաստատված ԼՈԱՃՀ է հայտնաբերվել նրանցից 9 հազարի մոտ։

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԼՈԱՃՀ-ի ֆոնին քաղցկեղի ցանկացած տեսակի վտանգն ավելանում է 27 տոկոսով։ Վտանգի մեծ մասը վերաբերում է լյարդի քաղցկեղին, դրա առաջացման հավանականությունն ավելանում է 17 անգամ՝ այն մարդկանց ցուցանիշների համեմատ որոնք չեն տառապում ԼՈԱՃՀ-ից։ Այդ վտանգը սկսում է մեծանալ հիվանդության արդեն վաղ փուլերում։

 

ԼՈԱՃՀ-ն կապված է նաեւ  ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի չարորակ ուռուցքների եւ մելանոմայի, բայց ո՛չ քաղցկեղի այլ տեսակների վտանգի ոչ մեծ ավելացման հետ։

 

«Այս տվյալները պետք է օգտագործվեն ԼՈԱՃՀ ունեցող պացիենտների քաղցկեղի վտանգն իջեցնելու ավելի թիրախային միջամտությունների մշակման նպատակով»,- ասել է Կարոլինայի ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Յոնաս Լյոդվիգսոնը (Jonas F. Ludvigsson)։

 

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ախտանշանները

 

ԼՈԱՃՀ-ի վաղ փուլերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ։ Այս ախտորոշումը կարող է «նորություն» լինել այլ պատճառներով բուժզննման դեպքում։

 

Ուշ փուլում հիվանդության հնարավոր ախտանշաններն են.

 

բութ ցավը աջ կողատակում

խիստ թուլությունը

մարմնի զանգվածի անսպասելի նվազումը

Եթե հիվանդությանը միացել է ցիռոզը, ապա որովայնի խոռոչում կարող է հեղուկ (ասցիտ) կուտակվել, առաջ է գալիս ենթամաշկային անոթային նկար, ափերը կարող են կարմրել, իսկ մաշկը՝ դեղնել։