ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։
Հարցին, թե չի բացառում արդյոք, որ Փաշինյանի հետ բաց հանդիպում կլինի՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իմ խնդիրն առաջարկելն է և նայել, օրենսդրությունը թույլ տալիս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե ոչ։
Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի»։










