«Օր է պատահել՝ բախումները 5-10 անգամ են եղել․ Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել»․ Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ բանակցող հայերը զինված չեն եղել


«Օր է պատահել՝ բախումները 5-10 անգամ են եղել․ Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել»․ Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ բանակցող հայերը զինված չեն եղել
Ապրիլ 22 20:55 2023

Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ վերջին միջադեպի ժամանակ, երբ ունեցանք մարդկային կորուստներ, բանակցող հայերը զինված չեն եղել:

«Որ հանդիպում են, զենքով չեն գնում, վերադասն է գնում, սպաները, հրամանատարությունը: Հեն է՝ պատրաստ գնային, ուրիշ ձեւի կստացվեր էլի… օր է պատահել՝ 10 անգամ հանդիպել են՝ ճշտելու՝ որ կողմով պիտի գնան, ինչ անեն, ինչ ինժեներական աշխատանք պիտի արվի… բախումները միշտ կան։ Օր է պատահել, որ բախումները 5-10 անգամ են եղել: Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել, վիճաբանությունը գնացել է հանկարծակի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Մելիքսեթ Պողոսյանը:

Համացանցում տարածված միջադեպի տեսագրության մեջ էլ որոշ փորձագետներ արձանագրել էին, որ չեն տեսնում ադրբեջանցիների հետ հայ բանակցողների զենքը: Aravot.am-ի հարցին՝   նշված միջադեպի ժամանակ  ադրբեջանցիները թվով շատ էին, հայերը՝ քիչ, ինչո՞ւ էին մեր կողմից այդքան քիչ, Պողոսյանը պատասխանել է՝ ով որ բանակցելու էր գնացել, նրանից պետք է հարցնել։

«Էդ որ ասում են՝ զենք չկա, զենք թող տան, պաշտպանենք, նման բան էլ չկա: Ամեն ինչ կա. հայրենասեր մարդու համար, կռվողի համար ամեն ինչ կա: Սուտ կռվողներն են նման բաներ տարածում՝ զենք չկա»,- ասել է նա։