Կառավարության ինքնախոստովանությունը. Փաշինյանի կաբինետի հերթական ձախողումը


Կառավարության ինքնախոստովանությունը. Փաշինյանի կաբինետի հերթական ձախողումը
Ապրիլ 17 18:24 2023

Հայաստանի կառավարությունը հրապարակել է 2022 թվականի ծրագրերի կատարողականը, որից պարզ է դառնում, որ գործ ունենք հեղափոխական իշխանությունների հերթական ձախողման հետ:

 

Եվ այսպես, կառավարությունը, ինչպես գիտենք, ծրագրում էր բարելավել անվտանգային միջավայրը, սակայն, արի ու տես, որ 2022 թվականի արդյունքներով  կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները: 

 

 

Կառավարության սահմանած խնդիրներից մեկն էլ, որ պետք է լուծվեր, տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն էր: Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խնդիրը իրենց լուծումը չեն ստացել:

 

Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն էին՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի

իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը:  Կառավարության ծրագրի կատարողականից պարզ  է դառնում, որ այս մի ուղենիշն էլ է գրվել սառույցին:

 

Կառավարության ծրագրից բխում էր, որ կառավարությունը արդիականացնելու է տնտեսական դիվանագիտության  մեխանիզմներն ու գործընթացները, որը նպաստելու է Հայաստանի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներհոսքի զգալի աճին, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացի խթանմանը, հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջության ծավալների աճին, հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:   Սակայն, կատարողականում մոռացել են նշել, թե այս մասով  ինչ հաջողություններ են արձանագրվել:

 

ՀՀ կառավարության ծրագրի կատարողականում նշված է, որ քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների առաջմղման ուղղությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր քվոտայից և ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց:

 

Կատարողականում նաև նշվում է, որ  2022 թվականի մայիսի 25-ին ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը՝ Արմսաթ1-ը (ArmSat)։ Արբանյակի վրա տեղադրված է մուլտիսպեկտրալ օպտիկական նկարահանող սարք, որից ստացված տիեզերալուսանկարները կարող են օգտագործվել քաղաքային պլանավորման, գյուղատնտեսության, բնապահպանական, ինչպես նաև պաշտպանական որոշ բնագավառներում։ Կառավարման կենտրոնի սարքավորումներն արդեն ՀՀ-ում են և ներկայումս կատարվում են ինստալացման աշխատանքները։  Հիշեցնենք, որ վերը նշված արբանյակի կողմից արված դեռևս որևէ լուսանկար այդպես էլ չի հրապարակվել:

 

Շատ ավելի մեղմ բացթողումների արդյունքում մի շարք երկրների վարչապետեր հրաժարականի դիմում են ներկայացրել, դիցուք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, ով հեռացավ բյուջետային ռեֆորմի տապալումից հետո:  Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սապիլիան հրաժարական ներկայացրեց առողջապահության ռեֆորմի տապալումից հետո։ Եվ միայն Հայաստանի հեղափոխական կառավարությունն է շարունակում իր աշխատանքը՝ ծրագրի մեծ մասով նախանշված պրոյեկտների ձախողելուց կամ թերակատարելուց հետո: