Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել ԳՇ պետի և ԱԱԾ պաշտոնյայի հետ փակ հանդիպումից


Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել ԳՇ պետի և ԱԱԾ պաշտոնյայի հետ փակ հանդիպումից
Ապրիլ 13 21:04 2023

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ են քննարկել ԶՈՒ ղեկավար կազմի հետ փակ հանդիպմանը, որը նախաձեռնել էին ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո:   

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատգամավորների հետ փակ քննարկմանը մասնակցել են ԳՇ պետը և ԱԱԾ-ից ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի տեղակալը: 

 

Օհանյանի խոսքով՝ շուրջ 3 ժամից ավելի բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել: 

 

«Եվ այդ առաջին հերթին իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաև պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերվում են ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների և մեր պատրաստության վերաբերյալ»,-ասաց Օհանյանը:

 

Օհանյանի գնահատմամբ՝ մի քանի խնդիրներ կան: 

 

«Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող միջանցքի շրջանակներում է դա տեղի ունեցել: Եվ, քանի որ դիվանագիտական հարցեր են, խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ակնհայտ է, որ ԳՇ պետը շատ հարցերի չէր տիրապետում: Բացթողումները վերաբերվում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև,  որպեսզի ցանկացած այդպիսի փոփոխությունների՝ դիրքերի զբաղեցման, փոխարինման գործընթացը կարողանանք առաջընթացով կատարենք, կանխարգելենք շատ միջոցառումներ և չուշանանք»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

 

Նա նշեց նաև, որ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցածի հետ կապված ծառայողական քննություն է հիմա անցկացվում: Քննության արդյունքում կներկայացնեն, թե ով է թերացել: