Անձրեւանոցի գործով Նիկոլ Փաշինյանը առայժմ կարգավիճակ չունի


Անձրեւանոցի գործով Նիկոլ Փաշինյանը առայժմ կարգավիճակ չունի
Ապրիլ 11 12:07 2023

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու առթիվ նախաձեռնված վարույթի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն առայժմ կարգավիճակ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։

Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղում 47-ամյա կինը մոտեցել է բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին եւ անտեսելով վերջիններիս հորդորները, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը դիտավորությամբ նետելով նրա ուղղությամբ։

47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանված է. Մալիշկայում վարձով է ապրում։