«Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում ներառված երկու հարցերը խիստ փոխկապակված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացած իրադաձությունների հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նկատի ունի ԱԺ օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը։
«Մի կողմից արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունն առաջադրել է նոր թեկնածու՝ այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդն ինչու հրաժարական ներկայացրեց, մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը»,- ասաց Մանուկյանը՝ հատկանշական համարելով այն, որ օրակարգը Ազգային ժողովում ներկայացում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի, խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում հայտնել՝ ասելով, թե փաստեր չկան։ Իրականում կային փաստեր, փաստերը բարձրաձայնված էին, արձանագրված էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրության և հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ։
Ավելին՝ նրա թիկնազորի անդամները, կարծելով թե իրենք ոչ թե պետական պահպանության ծառայության պաշտոնյաներ են, այլ ախրանիկներ, բռնություն էին գործադրել ու հիմա իշխանական ինքնարդարացումներից, մանիպուլյացիաներից հետո Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից և ոչ թե Կարեն Մկրտչյանից։
Ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է՝ հայտնել իր քաղաքական դիրքորոշումը, երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանությանը, հայրենազրկմանը ու թիկնազորով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»,- ասաց Գեղամ Մանուկյանը։










