Ովքեր այս անգամ կկանչվեն վարժական հավաքներին․ կառավարության որոշումը


Ովքեր այս անգամ կկանչվեն վարժական հավաքներին․ կառավարության որոշումը
Ապրիլ 9 10:46 2023

Կառավարությունը ապրիլի 6-ի նիստին որոշում ընդունեց մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։ 

 

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: 

 

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` ՀՀ կառավարությունը որոշում է․

 

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

 

 

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2715 քաղաքացու, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

 

3. Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,

 

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,

 

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

 

ա. 2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

 

բ. 2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

 

գ. 2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 716 քաղաքացի, որոնցից 641-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

 

դ. 2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 889 քաղաքացի, որոնցից 801-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

 

ե. 2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: