Զանգեզուրի կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով


Զանգեզուրի կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով
Ապրիլ 8 17:09 2023

Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումների պատճառով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

 

 

«Երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։

 

Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային  և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:

 

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին: