ԼՂ-ում տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։
«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականներն ու դրանք առավել սրվում են Արդարատադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի գործողություններ Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար։ Նախորդ օրվա միջադեպը արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում և մենք պետք է շարունակենք մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման առիթով երթուղու փոփոխությանը, ասաց․
«Երթուղու փոփոխության արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորածության համաձայն, Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։ Եվ ահա, սահմանի պահպանության անմիջական ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, որի մասին տեղեկացրել է ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»։
Վարչապետն ընդգծեց, որ այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
«Մասնավորապես 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են, մեր տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում, համենայն դեպս, սա է մեր տրամադրվածությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










