Արցախցին գիտի իր անելիքը՝ վերադարձնելու է իր կորուսյալ տարածքները. և՛ Շուշին է վերադարձնելու, և՛ Հադրութը. Գանձասար վանական համալիրի հոգևոր սպասավոր


Արցախցին գիտի իր անելիքը՝ վերադարձնելու է իր կորուսյալ տարածքները. և՛ Շուշին է վերադարձնելու, և՛ Հադրութը. Գանձասար վանական համալիրի հոգևոր սպասավոր
Ապրիլ 5 12:00 2023

Արցախում ապրող մեր հայրենակիցները հիմա, նկատելիորեն, ավելի հաճախ են այցելում եկեղեցի։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասար վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականցնող տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

«Այս կիրակնօրյա պատարագին, որի ընթացքում նշվեց նաև Ծաղկազարդի տոնը, ոչ միայն եկեղեցին էր լեփ - լեցուն, այլև ողջ եկեղեցու տարածքը։ Առհասարակ, Գանձասարում եկեղեցական տոներն անցնում են մարդաշատ եկեղեցում»,- նշեց հայր սուրբն ու հավելեց՝ Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց տվեցին, որ արցախցին ոչ միայն պատրաստ է իր հողում ապրելու, այլև նահատակվելու՝ իր հողի համար, ինչը շատ կարևոր ազդակ է թշնամուն։

Խոսելով Արցախի առօրյա կյանքի մասին, հայր սուրբը պատմում է՝ վերջին օրերին, եղանակները տաքանալուն պես, արցախցին լծվել է դաշտային աշխատանքներին՝ ցանում են, փորում, մշակում հողը, պատրաստվում բերքառատ տարի ունենալու.«Սա խոսում է այն մասին, որ մարդիկ այստեղ հուսահատ չեն, նրանք չեն կտրել կյանքի հետ իրենց կենսական կապը։ Ավելին՝ նրանք լիահույս են, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հաղթանակն առջևում է և այն, ինչ պատահեց, ընդամենը մի դրվագ էր, որն անդառնալի չի և այդպիսին չի էլ մնալու արցախցու կյանքում։ Արցախցին գիտի իր անելիքը՝ վերադարձնելու է իր կորուսյալ տարածքները։ Ե՛վ Շուշին է վերադարձնելու, և՛ Հադրութը»,- ասում է վանական համալիրի հոգևոր սպասավորը։

Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նկատում է՝ պատարագների հիմնական նյութն ու ասելիքն էլ Գանձասարում նույնն է՝ երբեք չհուսահատվել, չտրվել պարտվողական տրամադրություններին, չկոտրվել, թևաթափ չլինել. «Հետ չենք նայում, այլ միայն ապագային, որովհետև այն, ինչ եղավ՝ եղավ։ Հիմա մենք մտածում ենք՝ ինչպե՞ս պատահածից հաղթանակած դուրս գանք։ Այլ կերպ ասած՝ ժողովուրդն այստեղ մարտական է տրամադրված»։

Առջևում զատկական տոներն են ու Արցախում ապրող մեր հայրենակիցներն էլ, ինչպես բոլորը, պատրաստվում են Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշելու, ասում է վանական համալիրի հոգևոր սպասավորն ու հավելում՝ մենք դիմացկուն ժողովուրդ ենք ու շարունակում ենք ապրել մեր առօրյա կյանքով, այդ թվում նաև՝ եկեղեցական և մնացյալ այլ տոները լիարժեք կերպով նշելով։ Արցախցին ապրել ու արարել է այս հողում և շարունակելու է ապրել իր բնօրրանում։ Այսպիսի օրեր հայ ազգն, առհասարակ, շատ է տեսել, սրանից առավել սաստիկ դժվարություններ ենք ունեցել, բայց հաղթահարել և դուրս ենք եկել արժանապատիվ կեցվածքով։

Բացի հոգևոր թեմաներից, տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ մեր զրույցը շարունակվեց նաև առօրյա հարցերի շուրջ։ Վանական համալիրի հոգևոր սպասավորը պատմեց, որ հարյուրից ավելի օր տևող տոտալ շրջափակումն անգամ հնարամիտ արցախցիների համար նոր հնարավորություններ և դռներ բացեց.«Այս սահմանափակումները, որ տարածվեցին նաև մթերքների վրա, հատկապես այն պտուղ - բանջարեղենի, որոնք Արցախ էին ներմուծվում Հայաստանից, մեզ նոր հնարավորությունների առիթ տվեց։ Գարնանացանի հենց այս օրերին այստեղ՝ Արցախում, մարդիկ սկսեցին մշակել նաև արդեն ներմուծվող բանջարաբոստանային կուլտուրաներ։ Այստեղ էական գործոնն այն է, որ արցախցին, չնայած իրեն պատած այս անմարդկային դժվարությանը, շարունակում է արարել, ստեղծել։ Սա է կարևորագույն ձեռքբերումներից ևս մեկը, որ ունեցանք մենք՝ շրջափակման այս օրերին»։

Զրույցի ընթացքում տեր Սահակ վարդապետ Շաքարյանը նաև Արցախ մուտք գործած գյուղատնտեսական նորարարության մասին պատմեց. «Եկեղեցու պարիսպներից դուրս՝ հյուսիս արևելյան հատվածում, նոր տեսակի՝ սմարթ «խելացի» բանջարանոց է հիմնվել։ Բացումը նախատեսում ենք կատարել Համբարձման տոնին՝ մայիս 18-ին։ Նոր վարդեր ենք տնկել, ծառատունկ ենք կատարել, այսինքն« եկեղեցապատկան տարածքն ենք մշակում և բարեկարգում, իսկ մեծ իմաստով՝ շենացնում ենք մեր Հայրենիքը»։

Ինչ վերաբերում է վանական համալրի ֆիզիկական վիճակին, ապա տեղում ծառայություն իրականացնող Արցախի փոխթեմակալը նշում է՝ Գանձասարը, տեղանքով պայմանավորված (վանական համալիրը գտնվում է պատմական Խաչեն գավառում) երբեք և երբևէ թշնամու տիրապետության տակ չի հայտնվել, վայրենի ոտնձգությանը չի ենթարկվել, վնասներ և հարձակումներ իր վրա չի կրել։ Վանական համալիրն այսօր էլ գտնվում է խիստ բարեկարգ, խնամված և գեղեցիկ վիճակում։ Ավելին՝ օրերս եկեղեցում նոր փորագրված դուռ կտեղադրվի, նոր ջահն է արդեն պատրաստ, որ շուտով պետք է կախվի։

Ամփոփելով զրույցը, ցանկացանք իմանալ նաև, թե ի՞նչ հոգսերով է ապրում ամիսներ շարունակ շրջափակված Արցախում մեր հազարավոր հայրենակիցների խնդիրներն անխոնջ կերպով կիսող արցախցի հոգևորականը, սակայն, հարցին ի պատասխան, Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասար վանական համալիրի հոգևոր սպասավոր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը կեսբերան պատասխանեց միայն՝ ամեն ինչ նորմալ է, բոլորն իրենց գործն են անում՝ հանուն Հայրենիքի բարօրրության…