Քաղաքացին պիտի ինձ ասի՝ հանցագործ, դավաճան, ես էլ ականջներդ կախ ման գա՞մ․ «Հրապարակ»


Քաղաքացին պիտի ինձ ասի՝ հանցագործ, դավաճան, ես էլ ականջներդ կախ ման գա՞մ․ «Հրապարակ»
Ապրիլ 5 10:19 2023

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք իշխանական պատգամավորներին։ Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին հարցրինք՝ դժվա՞ր է առերեսվել իրականության հետ եւ լսել «հանցավոր» կամ «հանցագործ իշխանություն» բառակապակցությունը։ «Չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա․ «Դուք հասկանում եք՝ ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի անվանող խեղկատակին ի՞նչ պետք է լսել»։ Բայց մինչեւ դա էիք վրդովված։ «Ոչ, ինքն առնվազն զառանցում էր»։ Իսկ մոռացե՞լ եք ընդդիմադիր Փաշինյանի ելույթները, ինքն էլ է՞ր խեղկատակ, որ նման ելույթներ էր ունենում։ «ՀՀ  հարյուր հազարավոր քաղաքացիներին ադրբեջանցի եւ թուրք անվանողն առնվազն պետք է խեղկատակ լինի»։ Նախ՝ «թուրք» բառը վիրավորանք չէ, անգամ Փաշինյանն է դա հայտարարել, երկրորդ՝ Ղազարյանը բացատրեց, որ քաղաքացիներին ուղղված չէր իր ասածը, այլ՝ հեղափոխության շահառուներին։ «Նա ստում է․․․շահառուների՞ն․․․ ժողովուրդն է առաջադրել»։ Մարդը կարող է նման կարծիք ունենալ, բայց ԱԺ պատգամավորն իրավունք ունի՞ սպառնալ կարծիք հայտնելու համար։ «Մենք սպառնալիք չենք հնչեցրել, ընդամենը իրեն իր տեղն ենք ցույց տվել»։ Պարոն Բաքոյան, ստացվում է՝ նախկիններն ավելի ժողովրդավար էին, հանդուրժում էին Փաշինյանին, իսկ դուք՝ ոչ։ «Այդ համեմատությունը, խնդրում եմ, մի արեք»։

ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կարծիքով՝ բոլորովին այլ իրավիճակների հետ գործ ունենք․ «Այստեղ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցն է, այն ժամանակ՝ պատգամավորի ելույթի, դրանք տարբեր բաներ են։ Մարդը եկել-առաջադրվել է ՄԻՊ պաշտպան, մենք խնդրում ենք՝ առանց բնորոշումների ելույթ ունենալ։ Ի՜նչ խոսքի ազատություն։ Լսեք, դուք ազատ եք մինչեւ այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը»։ Երբ ձեզ դավաճան, հանցագործ են ասում, ո՞ր իրավունքն են ոտնահարում, կամ դուք դրանից ինչո՞ւ եք վիրավորվում։ «Իհարկե, ոտնահարվում է իմ իրավունքը»։ Փաստորեն, ընդունում եք, որ այդպիսին եք։ «Ոչ»։ Այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորվում։ «Վիրավորվում եմ, որովհետեւ անհիմն ձեւով, ․․․մի րոպե, դատարանի որոշում կա՞, որ ես հանցագործ եմ։ Ինչ է, հիմա մենք փողոցով քայլենք, ամեն քաղաքացի պիտի գա ասի՝ հանցագործ, դավաճան, սրիկա, ապուշ, ես էլ ականջներս կախ մա՞ն գամ։ Ես ինքնասիրություն ունեցող մարդ եմ»։ Իսկ դատարանի որոշում կա՞ր, որ Փաշինյանը նախկինում վիրավորում էր։ «Ես ասում եմ՝ բոլորովին ուրիշ իրավիճակ էր, ԱԺ լիագումար նիստում երբ պատգամավորը ելույթ է ունենում, դա ուրիշ է, իսկ ՄԻՊ թեկնածուն չի կարող ասել, մի կապեք իրար»։ Պատգամավորը կարող է մարդուն վիրավորել, թեկնածուն չի՞ կարող․ մեր այս հարցին ՔՊ-ական Ասլանյանը չպատասխանեց։

ՔՊ-ական Միքայել Թումասյանին էլ հարցրինք՝ վրդովվել են «թուրք-ադրբեջանական» բնորոշումից, բայց չեն վրդովվել, որ ադրբեջանցիները մեկ շաբաթից ավել է՝ եկել Հայաստանի սուվերեն տարածքը զավթել են՝ առանց որեւէ դիմադրության։

- Իսկ ո՞վ գիտի՝ ես ինչից եմ վրդովված, ինչից՝ չէ։

- Հիմա վրդովվա՞ծ եք, որ ադրբեջանցիներն առանց դիմադրության զավթել են Տեղ գյուղի արոտավայրերը, եթե՝ այո, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։

- Դե, գիտեք, դա պետք է դեռ ճշտվի, ես կոնկրետ չգիտեմ, թե հիմա ադրբեջանցիները որ հատվածում են։

- ԱԱԾ-ին չե՞ք հավատում, հաղորդեց, որ պայմանավորվածությունները խախտվել են, 300-400 մ ադրբեջանցիներն առաջ են եկել։

- Գիտեք, ով որ ձեռք է բերել այդ պայմանավորվածությունը, ավելի հստակ կպատասխանի այդ հարցերին, բայց ադրբեջանցիների առաջ գալը կամ մնացածը կապ չունեն էսօրվա գործողությունների հետ։ Հիմա բոլորս հավաքվել ենք, որ ՄԻՊ թեկնածու ընտրենք, բայց ընդդիմությունը ներկայացրել է թեկնածու, իսկ ինքը չի ներկայացել նիստին, որպեսզի իր ելույթներով, իր խոսքով իրենց թեկնածուին մի գովասանքի խոսք ասեն։

- Դա ընդդիմության խնդիրն է, իսկ ձեր՝ որպես իշխանության խնդիրը այսօր մեր սահմանների անվտանգության, անառիկ պահելու խնդիրն է, ինչը չեք անում, փոխարենը եկել եք այստեղ՝ մի թեկնածուի վրա եք հարձակվում։

- Ես ՀՀ բազմաթիվ մարզերում լինում եմ եւ հաճախ, ի՞նչ է նշանակում՝ չեք գնում պաշտպանեք։ Իմ աշխատանքի վայրն այստեղ է։

- Ես խոսում եմ իշխանության մասին, իշխանությունն ադրբեջանցիներին բերել-լցրել է մեր սուվերեն տարածք կամ առնվազն չի հանում մեր սուվերեն տարածքներից, ձեր «դուխն» ադրբեջանցիների դեմ չի հերիքում, հերիքում է ընդդիմության թեկնածուի՞ վրա։

- Վերջացրեցինք, ես այլեւս պատասխան չունեմ։ «Դուխի» հարց էլ չկա։