Նաիրի Հոխիկյան. Սա առերևույթ շանտաժ է իմ նկատմամբ


Նաիրի Հոխիկյան. Սա առերևույթ շանտաժ է իմ նկատմամբ
Ապրիլ 4 11:26 2023

Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը, արձագանքելով ԲԴԽ տարածած հայտարարությանը, գրում է.

«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դիմել է դատախազությանը և ՔԿ-ին դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին իմ կողմից իբրև թե  առերևույթ վիրավորանք պարունակող հրապարակումները ուսումնասիրելու դիմումներով։

Հիշեցնեմ, "Լապշինի գործով" խայտառակ վճռից հետո դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին գրել էի, թե նա իշխանության պատվեր կատարած ու նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր է։  Այլ կերպ ասած' իրերն իրենց անուններով էի կոչել։

Պատկերացրեք, վճռի հրապարակման օրը դատավորին անակնկալ կանչում են Հակակոռուպցիոն դատարան' վկայի կարգավիճակով ցուցմունք տալու, ինչը պատճառ բերելով, դատավոր Էդգար Հովհաննիսյանը 2 օր հետաձգում է վճռի հրապարակումը, ապա կայացնում բացահայտ կողմնակալ որոշում' ամբողջ գործի մեջ կոնտեքստից կտրելով մի նախադասություն և անտեսելով բացահայտ փաստերը։

Բազմաթիվ փաստերի հիման վրա ես իրավունք ունեմ կասկածի տակ դնել դատավորի արարքը, իսկ տղամարդկություն չցուցաբերելը վիրավորանք չէ, այլ իրականությունից բխող որակում։

ԲԴԽ-ն իր քայլով, իմ կարծիքով, ցույց տվեց, որ հովանավորում է դատավորին, և «Լապշինի գործի» ելքով անձնապես շահագրգռված են արդարադատության նախարարն ու ԲԴԽ ղեկավարը։
Սա առերևույթ շանտաժ է իմ նկատմամբ, որով փորձում են կանխել այլ դատական մարմինների, այդ թվում Եվրոդատարան դիմելը։ Բայց այս մարդիկ չեն հասկանում, որ ես իրենց էժանագին քայլերից չեմ կարող վախենալ»։