Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ այլ պաշտոնատար անձինք մեկ անգամ չէ, որ առաջարկով են հանդես եկել, որ խորհրդարանական ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, դրվագներին ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանությունն ու Անվտանգության խորհուրդն ընդդիմադիրներից գաղտնի պահում բանակցային գործընթացի կետերը։
«Մենք չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում, բանակցային գործընթացին ծանոթանալու վերաբերյալ մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից;»,- ասաց նա։
Հովհաննիսյանը մեկ դիտարկում էլ ունի. նրա խոսքով՝տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն և եթե ընդդիմությունը հրաժարվում է աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բանակցային գործընթացի դրվագներին, նշանակում է ՝ խուսափում է պատասխանատվությունից։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելեց, որ ընդդիմությունը նախաձեռնել է պաշտպանության նախարարի հետ հանդիպում և այդ հանդիպումը կայացել է՝ փակ ռեժիմով, հետևաբար՝ նույն հաջողությամբ կարող են ԱԺ նախաձեռնությամբ հանդես գալ և հանդիպումներ կազմակերպել ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի հետ։










