Պաշտոնյան 100 % բաժնեմաս է ձեռք բերել կնոջ և 9-ամյա որդու անվամբ․ ՔԿ մանրամասներ


Պաշտոնյան 100 % բաժնեմաս է ձեռք բերել կնոջ և 9-ամյա որդու անվամբ․ ՔԿ մանրամասներ
Մարտ 17 12:12 2023

Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Վ. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:

Բացի այդ, Ա. Հ.-ն 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ դիտավորությամբ թաքցրել և դրանում չի ներառել 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Վերոգրյալի հիման վրա՝ հսկող դատախազի որոշմամբ Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Վարույթն իրականացնող քննիչը, մինչդատական վարույթում հավաքված ապացույցների գնահատման արդյունքում գալով այն հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, հայտնել է նախաքննության ավարտ:

Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել էր, Ա.Հ.-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումը ճանաչվել է անբավարար, ինչի արդյունքում Ա.Հ.-ն կալանավորվել է (շարունակում է գտնվել կալանքի տակ):