44-օրյա պատերազմից շուրջ երեք տարի անց Նիկոլ Փաշինյանը զբաղված է պարտության մեղավորների փնտրտուքով։ Պատերազմից հետո նա բազմաթիվ մեղավորներ է «հռչակել»։ Մեղավոր են նախկինները, գեներալները, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, ընդդիմադիրները, մեղավոր են բանակը, Ռուսաստանը: Մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից, այսինքն՝ իրենից։ Եվ քանի որ երեք տարվա ընթացքում այս մարդկանց «մեղավորությունը» չհաստատվեց, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորների փնտրտուքը։ Նախօրեին իր ասուլիսում նա այս թեմայով նոր շոու բեմադրեց՝ հայտարարելով բանակում «հինգերորդ շարասյան» առկայության մասին, ասելով, թե պատերազմը պարտվել ենք «5-րդ շարասյան» պատճառով։ Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը։ «Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»,- նշեց Փաշինյանը։ Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում այս հարցին ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց․ «Մեր բանակը դրսի դրդմամբ ներսից թուլացրել են, տվյալներ չեմ կարող հայտնել, նախաքննություն է ընթանում»։ Զրուցեցինք ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։
- Բանակում «5-րդ շարասյուն» կարո՞ղ է լինել, եթե պետությունում հսկող մարմիններ կան, ԱԱԾ կա։ Դուք երկար տարիներ բանակի հրամկազմում եք եղել, ասենք, նախորդ՝ քառօրյա պատերազմի ժամանակ եղե՞լ է «5-րդ շարասյուն»։
- Ես կարծում եմ, որ ասուլիսին ներկա լրագրողները պետք է փորձեին իրեն հարց տալ ու հասկանալ, թե ում նկատի ունի, ինչու այդ մարդիկ մինչեւ հիմա ձերբակալված չեն։
- Պաշտպանության նախարարն այսօր (երեկ) որոշ փակագծեր է բացել, թե` «մեր բանակը դրսի դրդմամբ ներսից թուլացրել են»․ ըստ ամենայնի, Ռուսաստանին նկատի ունեն, ինչի մասին ավելի վաղ Փաշինյանն իր հայտարարություններով ակնարկել է։
- Բոլոր գործիքներն իրենց ձեռքում են, թող հայտնաբերեն, մարդկանց ձերբակալեն։
- Նիկոլ Փաշինյանն իր ասածը փորձեց հիմնավորել՝ վկայակոչելով, որ այսօր բարձրաստիճան շատ սպաներ մեղադրվում են տարբեր հանցանքների, լրտեսության, պետական դավաճանության համար։ Նույնիսկ եթե կան նման սպաներ, կարո՞ղ ենք իրենց «5-րդ շարասյուն» համարել, կարո՞ղ էին մի քանի տասնյակ մարդիկ պատերազմի ելքը որոշել, պարտության մեղավոր լինել։
- Ձեր բարձրացրած հարցերի պատասխանը գլխավոր դատախազի տեղակալը Հանրայինով որոշ ժամանակ առաջ տվել է` Պետրոսի եթերում նա ասել է, որ բոլոր էդ մեղադրանքով ձերբակալվածները՝ կարծեմ 25 թե 28 հոգի, հայրենիքի դավաճանության հոդվածով բոլոր ձերբակալված մարդիկ, բոլորը հակառակորդի հետ սկսել են աշխատել 2020 թվականի ընթացքում, ընդամենը մեկն է, որ 2018 թվականից է հակառակորդի հետ համագործակցել։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են ներդրել «5-րդ շարասյունը», եւ ինչո՞ւ է ներդրվել, ո՞ւմ մեղքով, իսկ ավելի պարզ՝ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
- Ի՞նչ նկատի ունեք, որ իր թողտվությա՞մբ են այդ մարդիկ համագործակցել։
- Ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ «5-րդ շարասյան» ղեկավարն ինքն է, եթե կա նման ղեկավար, որ բանակը քանդել է, ապա այդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
- Բայց նրա խոսքն այն մասին է, որ այդ մարդիկ` գուցե նախկինների, գուցե Ռուսաստանի թելադրանքով, փորձել են «դավաճանական» գործողություններ անել։
- Դրա համար բանակում կարգուկանոն են հաստատում, պետության մեջ ղեկավար է լինում, որ տարբեր կառույցներում ղեկավար նշանակի, ու վերահսկեն այդ ամենը, մնացյալն անհեթեթություն է։
- Կուզեի նաեւ Արցախի շուրջ զարգացումների մասին Ձեր կարծիքը լսել, նկատելիորեն օղակը սեղմվում է, հիմա օրակարգային խնդիր է դարձել Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու հարցը, այսինքն՝ վերջնական հանձնման։ Ի՞նչ կասեք այդ մասին՝ նկատի ունենալով Արցախի նախագահի այն հայտարարությունը, որ ոչ պաշտոնական խողովակներով իրեն փոխանցել են, որ ինտեգրման առաջարկը մերժելուց հետո ավելի կոշտ քայլեր է Ադրբեջանը ձեռնարկելու։
- Ես իմ գնահատականը դեռ երկու տարի առաջ եմ տվել, եւ որեւէ բան չի փոխվել, եթե մարդիկ կարդան եւ հասկանան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որեւէ մեկի համար անակնկալ չեն լինի նման գործընթացները։
- Այդ հայտարարության մեջ ո՞ր կետն է, օրինակ, վերաբերում ինտեգրացիային։
- Եթե կարդան եւ հասկանան նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամբողջությամբ, այնտեղ ամեն ինչ գրված է։
- Ու կարծում եք, որ այն անշրջելի է, եւ զո՞ւր են արցախցիները դիմադրում։
- Ոչինչ անշրջելի չէ, թե ինչպես պետք է շրջել, ես հեռախոսով չեմ կարող պատասխանել, պաշտոնատար անձինք կան, պետք է այդ ուղղությամբ աշխատեն։