Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է


Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է
Մարտ 11 16:50 2023

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկության ընթացքում իրավապահները «հետաքրքիր» փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց առնչությամբ հետագայում կարող են ուշագրավ զարգացումներ լինել։

 

Ըստ լրատվամիջոցի՝ Գևորգ Սիմոնյանը Տիգրան Ավինյանի մտերիմներից է, որի աշխատասենյակում խուզարկությունն անակնկալ է եղել շատեր համար։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում Սիմոնյանի համակարգչում իրավապահները ցուցակներ են գտել, որոնք վերաբերել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ պոլիկլինիկաների եւ շտապօգնության աշխատակիցների ներգրավմանը։ Բացի այդ՝ պարզվում է՝ արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին ու, ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար։

 

 

AD

•

INTENT.AI

Փաստաթղթերից մեկով էլ պարզվել է, որ վերջերս որոշ լոյալ բուժաշխատողներ ազատվել են աշխատանքից։

 

«Բնականաբար, Սիմոնյանն ինքնագլուխ չի ներգրավվել վարչական ռեսուրսի կիրառման գործում, այլ ամենայն հավանականությամբ քաղաքական իշխանության թողտվությամբ, եթե չասենք կազմակերպմամբ ու հրահանգով, սակայն նախատեսված չի եղել, որ դրանք հասու կլինեն իրավապահներին։ Շատերը զարմացած են, որ նման ցուցակները փոխքաղաքապետը բացահայտ պահել է համակարգչի մեջ։

 

Իհարկե, բացատրություն կփորձեն գտնել ու այս փուլում դարակներում գուցեեւ զմռսեն, սակայն ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ձեռքում հայտնվեց եւս մեկ կարեւոր գործիք՝ Տիգրան Ավինյանին վերահսկողության տակ պահելու համար։

 

Մամուլն արդեն գրել է, որ Երեւանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն ունի բավական ցածր վարկանիշ, սակայն իշխանությունները լծվել են նրան քաղաքապետ դարձնելու գործին, որի ուղղությամբ վարչական ռեսուրսի կիրառումը սկսվել է դեռեւս նրան քաղաքապետի տեղակալ նշանակելով։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ ամենեւին չի մտնում Ավինյանի ինքնավստահ ինքնուրույնությունը ու նրան վերահսկողության տակ պահելու մեխանիզմների փնտրտունքները միշտ էլ եղել են առաջնային։

 

Հետեւապես, բացառված չէ, որ ընտրություններում վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը վերաբերող խուզարկությամբ ձեռք բերված ապացույցները եւս պահվեն դարակներում՝ դրանք ըստ անհրաժեշտության Ավինյանի դեմ օգտագործելու համար, ինչպես եղավ «Քովիդի» գործը։ «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ չարաշահումները Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է շուրջ երկու տարի առաջ, որոնք ուղարկվել էին իրավապահներին, սակայն միայն հիմա է դրանց ընթացք տրվում։

 

Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման ու արձանագրված չարաշահումների համար պատասխանատուն ոչ միայն այն ժամանակվա առողջապահության նախարարն է, այլ նաեւ Տիգրան Ավինյանը, որը եղել է պարետը ու հենց նա է համակարգել ամբողջ գործընթացը։

 

Հետեւապես՝ կա՛մ Ավինյանը որպես կառավարիչ ու ղեկավար այնքան 0 է, որ չի կարողացել համակարգել, կա՛մ էլ մեղսակից է արձանագրված չարաշահումներին։ Երկու դեպքում Ավինյանը, մեղմ ասած, ամենեւին էլ շահեկան վիճակում չի հայտնվում», - գրում է լրատվամիջոցը