Ջանջուղազյանը ստուգել է Ջանջուղազյանին․ «Հրապարակ»


Ջանջուղազյանը ստուգել է Ջանջուղազյանին․ «Հրապարակ»
Մարտ 7 11:13 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստան» համահայկական  հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը վերջերս որոշել էր հանրայինի եթերում անկեղծանալ։ Նա խոսեց հիմնադրամի եւ ներդրում անողների միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, կարծես չկար  նման երկխոսություն, ասաց, որ նրանք պետք է հանդիպեն իրար հետ, խոսեն, նեղացածի դիրք չընդունեն․ «Այսօր, ցավոք, ես տեսել եմ, որ նաեւ սփյուռքում է նեղացվածություն։ Եվ, ցավոք, այդ նեղացվածությունը ո՛չ ինձնից է, ո՛չ ձեզնից, այլ Հայաստան պետությունից»։ Բայց կարծես թե նեղացածի դիրք բռնողը հենց հիմնադրամի տնօրենն է։ Ու նեղացել է Արշամյանը սոցցանցերում ելույթ ունեցողներից, բլոգերներից, ԶԼՄ-ներից, մեդիամանիպուլյատորներից, որոնք, ինչպես արտահայտվեց Արշամյանը, «իրենց քայքայիչ գործն անում են այդ ուղղությամբ»։ Էլի մեղավորը մամուլն է, ավելի ճիշտ՝ մեդիան։  «Կա նեղվածություն նաեւ պատերազմից, որովհետեւ մարդկանց պատկերացումների ու իրականության մեջ մեծ ճեղք առաջացավ։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ-ն ուրիշ փուլ է թեւակոխել, մարդիկ ազգայնականությանն ու ազգային գաղափարախոսությանը մի քիչ ուրիշ տեսակետից են նայում, քան, կարծում եմ, պետք է նայեն»,- ասաց նա։ 

 

Թե ինչ ճեղքի մասին է խոսքը, Արշամյանի ելույթից պարզ չդարձավ։ Գուցե «Հայաստան» հիմնադրամի փողերի ճեղքվածքի մասին էր հիշել, որը գոյացել է պատերազմական 2020 թվականին, երբ ՀՀ կառավարությունն ինքնակամ, առանց  հոգաբարձուներին հարցնելու, թաթը մտցրեց հանգանակած փողի մեջ ու այնտեղից հանեց՝ ոչ ավել, ոչ պակաս, 100 մլն դելարն՝ այդ տարի հանգանակած 170 մլն դոլարից։ Այսպես․ Նիկոլ Փաշինյանն իրականություն դարձրեց այն, ինչի մասին խոսում էր դեռ 2019 թվականին՝ որ «Հայաստան» հիմնադրամը դառնա բոլորիս ազգային բյուջեն։

 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանին հարցրինք, թե դիտե՞լ է արդյոք Արշամյանի այդ հարցազրույցը, իր կարծիքով, ինչո՞ւ է սփյուռքը «նեղացել» հիմնադրամից։ «Նեղացածության պատճառը 105 միլիոն դոլարն է, որ Հայաստանի իշխանությունն ապօրինի վերցրեց հիմնադրամից 2020-ին եւ չի ասում մինչեւ էսօր, թե էդ փողերն ինչ եղան»,- ասաց Սասունյանը։ Նույն հարցով գրավոր դիմեցինք Ռուսաստանի հայերի միությանը եւ ստանցանք հետեւյալ պատասխանը․ «Ռուսաստանի հայերի միությունը, որպես կայացած կազմակերպություն, չի առաջնորդվում այնպիսի հասկացողություններով, ինչպիսին է «նեղացածությունը», առավել եւս, երբ խոսքը հայրենիքի մասին է։ Ռուսաստանի հայերը առանց հեռուստամարաթոններին մասնակցելու էլ էական աջակցություն են ցուցաբերում Արցախին, այդ թվում՝ մշտական ռեժիմով, օգնելով այնտեղ բնակվող իրենց հարազատներին եւ ծանոթներին։ Սրա հետ մեկտեղ, չի կարելի թերագնահատել այն վնասը, որ Ռուսաստանի հայերի վստահությանը հասցնում է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակի ապակառուցողական գործունեությունը, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների կամայական օգտագործումը, որոնք սփյուռքի կողմից փոխանցվել են պաշտոնական հիմնադրամներին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ, ըստ ամենայնի, այդպես էլ չեն օգտագործվել ըստ նշանակության»։ 

 

Իհարկե, այս ֆինանսական միջոցների մասին հանրայինի եթերում հարց չհնչեց, ինչը զարմանալի էր, քանի որ սա առաջին հարցն է, որ կարող է առաջանալ լրագրողի մտքում՝ Հայկակ Արշամյանին տեսնելիս։ Անգամ գումարի ստույգ չափի մասին կարելի էր հարցնել՝ 100 միլիո՞ն, թե՞ 105։ Կառավարությունը եւ նույն Հայկակ Արշամյանն ի սկզբանե չէին հայտարարում այն, ասելով, որ փողերը տրվել են ֆինանսների նախարարությանը՝ մեկ աղբյուրից հրատապ գնումներ կատարելու համար։ 

 

Սրանից հետո հիմնադրամում սկսվեց վստահության ճգնաժամ, որի ցուցիչը վերջինիս հասցեին հնչող քննադատությունն էր ու հանգանակությունների նվազող չափերը։ 25-րդ հեռուստամարաթոնը՝ անցյալ տարվա նոյեմբերին, ցույց տվեց, որ «Ստեղծում ենք կենսունակ համայնքներ» լոզունգը քչերին է հուզում։ Ռուսաստանն առհասարակ չմասնակցեց մարաթոնին, իսկ ԱՄՆ մասնակցությունը, որը, որպես կանոն, ամենամեծն էր լինում, ներառյալ հետպատերազմյան տարին, այս անգամ մոտ էր զրոյին։ Հայկակ Արշամյանը, սակայն, լռում էր, կարծես ոչ մի բան չի եղել։ Նա անգամ կառավարությունից չէր պահանջում հաշվետվություն, թե ինչպես է ծախսել հիմնադրամի 100 մլն դոլարը։ 

100 մլն դոլարի շուրջ քննություն իրականացրեց Հաշվեքննիչ պալատը, սակայն արդյունքները հրապարակված չեն։ Հիմնադրամի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հիմնադրամին դրանք չեն տրվել՝ պատճառաբանելով, որ հաշվեքննության եզրակացությունների մեջ կան «գաղտնի բաներ»։ «Հայկակ Արշամյանը փոխանակ գնա, պահանջի, որ իրեն հաշվետու լինեն, թե ինչ են արել այդ 100 մլն դոլարը, սփյուռքի նեղացածության մասին է խոսում։ Իհարկե, դա նեղանալու առիթ է, 100 մլն-ն քիչ գումար չէ։ Նաեւ դա է պատճառը, որ ԱՄՆ դրամահավաքները կատաստրոֆիկ քիչ են, ԱՄՆ-ում նրանք ունեն պրոբլեմ։ Ճիշտ է, ասում են, որ փող են հավաքել, բայց սուտ են ասում»,- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Նրան զավեշտալի է թվում այն հանգամանքը, որ հիմա Հաշվեքննիչ պալատի նախագահն այն  անձնավորությունն է, ում՝ ֆինանսների նախարար լինելու ժամանակ այդ գումարը գնացել է բյուջե՝ Ատոմ Ջանջուղազյանը։ «Ստուգումն իրականացնում է մի մարդ, ով եղել է ֆինանսների նախարար, ու ինքն է վերահսկել գումարների շարժը։ Ակնհայտ է, որ նա ոչինչ էլ չի «գրելու» ինքն իր վրա։ Բացի դա, տարօրինակ է՝ երկու տարի տարբեր տելեգրամյան ալիքներով տվյալներ տարածեցին, որ այդ գումարներից կանխիկացումներ են եղել, բառիս բուն իմաստով։ Մինչեւ 13-14 մլն դոլար կանխիկացվել էր։ Տելեգրամ ալիքներում նույնիսկ կանխիկացման անդորրագրերն էին կցել, բայց դատախազությունը ո՛չ գործ հարուցեց, ո՛չ հերքեց, ո՛չ ստուգեց։ Ու հիմա տպավորություն է, որ եթե չեն հարուցում, ուրեմն մի բան կա։ ԱԺ-ում էլ որ ստեղծվել էր քննիչ հանձնաժողով, դա էլ ոչինչ չկարողացավ անել, որովհետեւ նրանք ֆինանսների նախարարությունից պահանջում էին կոնկրետ հաշվեհամարի շարժը, թե գումարն ինչպես է եկել հիմնադրամից ու ուր է գնացել։ Ֆինանսների նախարարությունը ցույց էր տվել, թե ինչպես է փողը եկել, բայց ցույց չէր տվել, թե ուր է գնացել։ Ու հարցը հենց հիմնադրամը չէ։ Ոչ ոք չի ասում՝ Հայկակն այդ փողը դրել է գրպանը։ Հակառակը՝ նրան ասում են՝ փողը տվել ես, հետամուտ եղիր, որ ամբողջությամբ բացահայտվի, թե ինչ եք արել։ Սա, ի վերջո, հիմնադրամի պատվի խնդիրն է։ Թե ինչից է նեղացած, չգիտեմ, նա պետք է պահանջի կառավարությունից հաշվետվություն, ոչ թե այստեղ-այնտեղ նստի ու խոսի, որ ճիշտ են ծախսել»։ 

Հ1-ի եթերում հարց հնչեց, որ եթե Արցախի տարածքները հանձնելու էիք, ինչո՞ւ էիք այդտեղ գործ անում․ Արա Վարդանյանին խնդրեցինք մեկնաբանել սա։ «Նախ, ակնհայտ սուտ է խոսում Պետրոսը։ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները երբեւիցե չեն խոսել կամ բանակցել այն տարածքների վերաբերյալ, որտեղ հիմնադրամն իրականացրել է աշխատանք։ Եթե նայեք հիմնադրամի իրականացրած ծրագրերը, դրանց 99 տոկոսը ԼՂԻՄ սահմաններում են իրականացվել»։ 

Աշխարհասփյուռ հայության էմոցիոնալ կապի թուլացումը  «Հայաստան» հիմնադրամի հետ, այս կառույցի ցածր վարկանիշը վաղուց նորություն չեն։ Հիմնադրամի թելեթոններն ու հեռուստամարաթոնները վաղուց աննկատ են անցնում եւ արդեն ոչ թե «ուղիղ եթերի» ռեժիմով են հեռարձակվում, այլ՝ տեսագրության, իսկ ԶԼՄ-ների համար դրանք վաղուց «ճ կլասի» միջոցառումներ են։