«Հրապարակի» զրուցակիցը Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն
Վարդազարյանն է։
-ԲԴԽ-ն տարբեր առիթներով կարգապահական վարույթներ է հարուցում եւ համակարգից հեռացնում փորձառու դատավորներին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում։
- Եթե մեկ բառով փորձենք բնութագրել այն պրոցեսը, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության հետ, ապա դա դատական իշխանությունը ծնկի բերելու, հլու-հնազանդ դատական իշխանություն ստեղծելու, կառուցելու պրոցես է։
- Ինչո՞ւ է իշխանությանը պետք հլու-հնազանդ դատական համակարգ, ի՞նչ են պատրաստվում անել։
- Տեսեք՝ ոստիկանություն, Քննչական կոմիտե, դատախազություն, ԱԱԾ, դրանք ամբողջությամբ գործադիր իշխանության թեւերն են, ամբողջությամբ ձեւավորվում են քաղաքական իշխանության կողմից, եւ միայն դատարանն է, որ առանձին իշխանության ճյուղ է եւ օրենքով չպետք է ենթարկվի գործադիր իշխանությանը, եւ այդ դատաիրավական բուրգի ամենավերեւում կանգնած է դատական իշխանությունը։ Դուք պատկերացրեք, որ քաղաքական իշխանության պատվերով հարուցվում են գործեր, այդ գործերը քննվում են Քննչական կոմիտեում, այնուհետեւ դատախազը հաստատում է մեղադրական եզրակացությունը, գործն ուղարկում է դատարան, եւ գործը փլվում է դատարանում, այսինքն՝ քաղաքական իշխանությունը չհասավ իր նպատակին, այն անձը, որը, իշխանության կարծիքով, պիտի պատժվեր, չպատժվեց, հետեւաբար՝ պետք է դատարանը դակի, հաստատի այն պրոցեսը, ինչը տեղի է ունենում, այ, դրա համար է իրենց պետք, որպեսզի կամակատար դատարան լինի։
- Այսինքն՝ քաղաքական հետապնդումների նոր ալիքի՞ ենք ականատես լինելու։
- Ենթադրում եմ, որ՝ այո, որովհետեւ այսպիսի լայնածավալ հարձակում դատական համակարգի վրա անհրաժեշտ չէր լինի անել, այլապես իրենք ունեն կամակատար վճռաբեկ դատարան, որը կհաստատեր այն բոլոր գործերը կամ այնպիսի դատական ակտ կթողներ ուժի մեջ, որը հաճելի կլիներ քաղաքական իշխանությանը, բայց, ցավոք սրտի, այս պրոցեսն է շարունակվում թե՛ վերաքննիչ ատյաններում, թե՛ առաջին ատյանում։
- Ձեր տպավորությամբ՝ այս պահին դատական համակարգում ո՞ր դատավորներն են գերակշռում՝ կամակատարնե՞րը, թե՞ ըմբոստացող դատավորները։
- Եթե բացարձակ թվով եք ուզում, շատ դժվար է ասելը, ըմբոստ դատավորներ, միանշանակ, եղել են, կան եւ մնացել են, ուղղակի կարծում եմ, որ այսօր այնպիսի մթնոլորտ է ստեղծված դատական համակարգում, որ շատերը, ժողովրդական լեզվով ասած, ասում են՝ շառից հեռու, արի՝ ես այնպիսի դատական ակտ կայացնեմ, որ իշխանությունը բավարարված լինի, որպեսզի ինձ այս քավարանով չանցկացնեն։
- Իսկ համակարգից հեռացված դատավորները, իրավաբանական հանրությունն ինչո՞ւ չեն դիմադրում, տպավորություն է, որ այս ամենը տեղի է ունենում թե՛ գործող, թե՛ նախկին դատավորների լուռ համաձայնության ներքո։
- Ճիշտ եք արձանագրում, դա երեւի իմ վերջին մեկ տարվա հիասթափության ամենամեծ թեման է, թե ինչու դատական համակարգը չի պայքարում։ Դուք հարց տվեցիք, թե ինչու լիազորությունները դադարեցված դատավորները չեն պայքարում, բայց իրականում լիազորությունները դադարեցված դատավորները պայքարում են՝ նրանք դիմում են Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան, ամեն մեկն իր գործունեությունը, իր պաշտպանությունն ինքնուրույն կազմակերպում է։ Շատ ավելի զարմանալի է, թե գործող դատավորներն ինչու չեն պայքարում այս բացասական պրոցեսների դեմ․ չեմ պատկերացնում, թե ինչու չեն պայքարում, որովհետեւ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլորի հերթը գալու է, եթե այսպես լուռումունջ սպասեն, թե երբ են իրենց կոլեգայի լիազորությունները դադարեցնելու, մի օր իրենց հերթն է գալու։
- Բայց պայքարի տարբերակներ ու միջոցներ կա՞ն, որովհետեւ, երբ իրենց ենք հարցնում, ասում են՝ լավ, մենք ի՞նչ անենք։
- Բազմաթիվ պայքարի միջոցներ կան․ ի վերջո՝ դատավորներն ունեն Դատավորների միություն, որն օժտված է հենց դատավորների իրավունքները պաշտպանելու լիազորությամբ։ Ես շատ բարձր եմ գնահատում Դատավորների միության նախագահի՝ պարոն Ազարյանի դերը, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ հարցով դատավորներին կոնսոլիդացնելու, դատավորների բողոքի ձայնը բարձրացնելու վերաբերյալ որեւէ գործողություն չի կատարվում։ Շատ զարմանալի է ինձ համար, չունեմ այդ հարցի պատասխանը, ցավոք սրտի։ Չեմ կարծում, որ դատավորներն այնքան նյութապաշտ են, որ իրենց աշխատավարձի համար պատրաստ են լուռ մնալ եւ հանդուրժել, գուցե այլ պատճառ կա, որի մասին չեն ցանկանում կամ վախենում են բարձրաձայնել։
- Գուցե վախենում են, որ իրենց դե՞մ էլ քրեական գործեր կհարուցվեն։
- Այդ քրեական գործերը պարտադիր լինելու են, եթե դատավորները չսկսեն պաշտպանվել, ապա, միանշանակ, այդ քրեական գործերը լինելու են։ Եթե ոչ քրեական, ապա կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու։ Այ, երբ ըմբոստ դատավորների հարցը լուծեն, եւ համակարգում մնան միայն կամակատար դատավորները, այդ կամակատարների միջից են արդեն ընտրելու, թե որն է լավ կամակատար, իսկ որը՝ վատ կամակատար։
- Համակարգից հեռացված դատավորներին փոխարինում են նոր, երիտասարդ դատավորներ, որոնցից շատերն իրավաբանի բազային կրթություն չունեն։ Ի՞նչ կարող եք ասել նոր համալրումների մասին։
- Որեւէ պաշտոնի նշանակվելուց ոչ ոք այդքան խիստ կամ բարդ ընթացակարգով չի անցել, ինչպիսին դատավորներն են անցել։ Դատավորները հանձնել են քննություն այնքան բարդ ու դժվար, որը ե՛ւ ընդհանուր գրագիտություն էր պահանջում, ե՛ւ ընդհանուր իրավունքի վերաբերյալ պատկերացումներ, ե՛ւ կոնկրետ մասնագիտական գիտելիքներ, կոնկրետ նախադեպերի իմացություն էր պահանջում։ Գնահատողներն էլ այնպիսի դատավորներ էին, որ ի՜նչ ձեւով էին գնահատում։ Քննության ընթացքում 5-6 ժամ ժամանակ էր տրվում, եւ դատավորի թեկնածուներն ակտ էին գրում, եւ այդ ակտի վերաբերյալ քննական հանձնաժողովը կարծիք էր հայտնում։ Այնքան բարդ էր այդ պրոցեսն անցնելը, որ մենք նույնիսկ դատավորի 7-8 թափուր տեղ էինք հայտարարում, բայց 3 մարդ էր անցնում, բայց այն մարդիկ, ովքեր անցնում էին քննությունները, մենք վստահ էինք, որ այդ մարդիկ ամենալավ մասնագետներն են։ Այնուհետեւ հոգեբանական քննություն էին անցնում, այսինքն՝ թեկնածուների հոգեբանական վիճակն էր ստուգվում՝ կարո՞ղ են դատավոր աշխատել, թե՞ չէ։ Հետո՝ տարիքային ցենզ էլ կար, բարձր շեմ էր դրված։ Դատավոր դառնալը շատ բարդ էր, շատ պատվաբեր էր, եւ քչերն էին կարողանում հաղթահարել, բայց գնալով այդ նշաձողն իջեցրին․ հիմա հանձնում են ստանդարտ թեստ, եւ այն մարդը, որ իրավաբան չէ, բայց լավ հիշողություն ունի, այդ թեստը կարողանում է հանձնել, եւ 6 ամսվա ուսուցման փոխարեն արագացված ինչ-որ կուրսեր են անցնում։