Ի՞նչ փուլում է «խաղաղության դարաշրջանը»


Ի՞նչ փուլում է «խաղաղության դարաշրջանը»
Փետրվար 16 14:58 2023

Այնպես է ստացվել, որ մեր հասարակությունը շատ լավ տեղեկացված է, թե որ հեռավոր երկրի որ նահանգի խորհրդարանն է կոչ արել բացել Լաչինի միջանցքը, կես կիլոգրամի ճշտությամբ գիտի, թե ինչքան բրինձ ու մակարոն է մնացել Ստեփանակերտի խանութներում, բայց մեծ հաշվով՝ բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ փուլում են և ինչ կոնկրետ օրակարգով են ընթանում հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ինֆորմացիայի բաց աղբյուրները, իհարկե, իրականության վերաբերյալ շատից-քչից ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են, բայց ամենօրյա «ինֆորմացիոն աղբի» հոսքը թույլ չի տալիս օգտվել այդ հնարավորությունից։ Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում։ 

Դեկտեմբերի վերջին, ինչպես հայտնի է, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում պիտի լիներ, բայց հայկական կողմը հրաժարվեց մասնակցել՝ անընդունելի համարելով բանակցությունների վարումն Արցախի լիակատար շրջափակման պայմաններում։ Ավելի ուշ՝ հունվարի 19-ին, Ալիևը Դավոսում հայտարարեց, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել, որովհետև Հայաստանը չի պատասխանել խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ իրենց առաջարկին, իսկ այդ համաձայնագիրը կլինի «շատ պարզ»՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Պետք է ենթադրել, որ դրանից օրեր անց՝ ըստ երևույթին հունվարի 24-25-ին, Ադրբեջանը Հայաստանին կոնկրետ գրավոր առաջարկներ է ներկայացրել, բայց առ այսօր պատասխան չի ստացել (հայկական կողմը հայտարարել է, որ աշխատում է դրանց վրա)։ Թե «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա հիմնված» կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը՝ կողմերը չեն հրապարակում, բայց «Հայկական ժամանակի» «Հավաստի աղբյուրը» դեռևս հոկտեմբերի 3-ին գրել էր, որ Ադրբեջանը առաջ է քաշում 5 պահանջ․ ԼՂ Պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում առանց որևէ կարգավիճակի, միջանցք Հայաստանի տարածքով, սահմանների ճշտում 1919 և 1920 թթ․ քարտեզների հիման վրա և անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում։ Մեծ է հավանականությունը, որ մոտ 20 օր առաջ Ադրբեջանի ներկայացրած գրավոր առաջարկները հենց այս 5 կետերն են ներառում, և ՀՀ իշխանությունները հենց դրանց վրա են աշխատում։

Ավելին՝ 4rd.am