«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել». Խուռհատի գործով վկան պատմեց շրջափակումից դուրս գալու մասին


«Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել». Խուռհատի գործով վկան պատմեց շրջափակումից դուրս գալու մասին
Փետրվար 9 14:45 2023

2020 թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում են սկսում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի ուղղությամբ։ Այդ ժամանակ սարի վրա դիրքավորված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, որոնցից շատերը 2 ամսվա ծառայողներ են եղել, տալով կորուստներ՝ նահանջում է։

Սարից իջնելիս զինծառայողները նկատում են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։

Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

 
 

Փետրվարի 7-ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ վկա Մստո Մստոյանը նշեց, որ սարից իջնելուց հետո հավաքվել են և որոշել իրենցից աջ գտնվող՝ նույն զորամասի 3-րդ գումարտակին միանալ։ Սակայն, երբ արդեն մոտենալիս են եղել, գումարտակի անձնակազմը կրակ է բացել իրենց ուղղությամբ՝ կարծելով, թե ադրբեջանցիներ են։

Նորակոչիկների անձնակազմը կապի միջոց չի ունեցել, այդ պատճառով էլ չի կարողացել 3-րդ գումարտակի անձնակազմին զգուշացնել իրենց գալու մասին։

Երբ 3-րդ գումարտակը սկսել է կրակել, անձնակազմը, խուճապի մատնվելով, բաժանվել է 2 մասի։ Մի մասը գնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ գումարտակի մյուս անձնակազմը մնացած սպաներին է միացել։

 

Ավելին՝ Hetq.am