Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոն է ներթափանցել. առատ ձյուն է սպասվում


Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոն է ներթափանցել. առատ ձյուն է սպասվում
Փետրվար 2 11:01 2023

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–նշված է հաղորդագրությունում։

Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացնում են նաև, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, և վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։
Նշվում է, որ տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։