Արցախի շրջափակման 44-րդ օրը Ավագյանների բազմազավակ ընտանիքը օրվա կարգացուցակը պլանավորում է հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան: Գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառով՝ ստիպված օգնության է հասնում փայտի վառարանը: Տունը տաքացնելու և կերակուր պատրաստելու համար, իհարկե, այն լավագույն միջոցն է, սակայն երբ լույս չկա, կենցաղային մի շարք հոգսեր են ավելանում:
«Եթե, ըստ գրաֆիկի, մեր լույսերը պետք է անջատեն օրվա երկրորդ կեսին, վաղ առավոտից միացնում եմ լվացքի մեքենան, արդուկում շորերը: Բայց գրաֆիկին համապատասխան էլ միշտ չի ստացվում: Օրինակ, մենք փայտի վառարան ունենք, տունը կարողանում ենք տաքացնել, բայց հարևան բնակարաններում ապրող մարդիկ էլեկտրական ջեռուցիչների հույսին են, ստիպված բոլորը միանգամից միացնում են, որ մինչև հովհարային անջատումները գոնե տունը տաք լինի: Դրանից էլ ցանցը ծանրաբեռնվում է, ու վթար է առաջանում: Արդյունքում հոսանքը անջատում են ոչ թե 2-3 ժամով, այլ 6-7 ժամով»,- ասում է Ռիտան և ավելացնում, որ հոսանքի անջատումների ժամանակ օգտագործում են տան եղած լուսավորության բոլոր սարքերը:
Տեղահանված ընտանիքը Մարտունու շրջանի Շեխեր համայնքից է: 44-օրյա պատերազմից հետո գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ընտանիքն էլ ժամանակավոր հաստատվել է Մարտունի քաղաքում: Հետպատերազմյան շրջանում հազիվ են կարողանում տան համար իրեր ձեռք բերել, սակայն նոր իրավիճակը թելադրում է նոր պայմաններ:
Ավելին՝168.am










