«Նման դեպք մեր գյուղում առաջին անգամ է. ՆԳՆ աշխատակիցները, ԱԻՆ-ը հսկում են». Մովսեսի գյուղապետ


«Նման դեպք մեր գյուղում առաջին անգամ է. ՆԳՆ աշխատակիցները, ԱԻՆ-ը հսկում են». Մովսեսի գյուղապետ
Հունվար 24 14:00 2023

Հունվարի 20-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում արտառոց միջադեպ էր գրանցվել։ Գիշերը անհայտ անձինք վնասել էին գյուղի  որոշ բնակիչների մեքենաների անվադողերը, հրդեհել բնակիչներից մեկի խոտը, և մեքենայից գողություն կատարել։ Միջադեպը լրջորեն անհանգստացրել էր բնակիչներին, քանի որ գյուղի պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունեցել։

 

168.am հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Զավեն Պապյանն ասաց, որ կատարված հանցագործության վերաբերյալ առայժմ որևէ բան չի պարզվել։

«Հիմա գյուղում ամեն ինչ արդեն նորմալ է, առայժմ այդ գործը չի բացահայտվել։ Քանի դեռ գործը բացահայտված չէ, մենք որևէ բան չենք կարող ասել, մասնագետները պետք է բացահայտեն, թե իրականում ո՞վ է արել և ինչո՞ւ է արել»,- նշեց գյուղապետը։

Զավեն Պապյանը վստահեցրեց, որ գյուղում նման հանցագործություն, այն էլ՝ մի քանի ընտանիքի  նկատմամբ,  չի եղել երբևէ:

«Նման դեպք մեր գյուղում առաջին անգամ է։ Բնակիչների շրջանում խուճապ չկա, Ներքին գործերի աշխատակիցները, ԱԻՆ-ը հսկում են, ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց Մովսեսի գյուղապետը։