ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու և ագրեսիաները պատժելու համար․ Աշոտյան


ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու և ագրեսիաները պատժելու համար․ Աշոտյան
Հունվար 24 00:31 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:

 

Այն լրացուցիչ քննարկումների և վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան:

 

Մասնավորապես՝

 

1. Ի՞նչ է զեկուցել նախորդ առաքելությունը,

 

2. Այդ զեկույցների հիման վրա ի՞նչ կոնկրետ որոշումներ է կայացրել Եվրոպական հանձնաժողովը,

 

3. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արձանագրություններն արդյո՞ք արվել են, թե՞՝ ոչ։

 

 

4. Ադրբեջանի նկատմամբ ինչպե՞ս է փոխվել Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն այդ զեկույցների հիման վրա:

 

Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձևակերպումը՝ «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»:

 

Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։

 

Ի դեպ, ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։

 

Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որևէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որևէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը:

 

Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։

 

Եթե պարզվի, որ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձևական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան և հետևաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:

 

Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ՝ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ»։



loading...