Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը. ի՞նչ հետևանքներ կունենա ՍԴ դատավորի արարքը


Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը. ի՞նչ հետևանքներ կունենա ՍԴ դատավորի արարքը
Հունվար 20 16:40 2023

Սահմանադրական դատարանը (ՍԴ) բարեհաջող կերպով կործանելուց հետո այս իշխանությունները ձեռնամուխ եղան աշխատանքից ազատված ՍԴ դատավորների փոխարեն սեփական քիմքին հաճո անձանց նշանակել ՍԴ դատավորների պաշտոնում:

Հերթական երկուստեք բաղձալի նշանակումը կատարվեց 2022թ. սեպտեմբերի 15-ին, երբ փաստաբան Սեդա Սաֆարյանն ընտրվեց ՍԴ դատավոր միայն «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության 65 կողմ ձայներով: Սեդա Սաֆարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր ՀՀ Կառավարությունը:

Երբ ընտրվում էր ԱԺ-ում, իր ելույթի սկզբում գովաբանելով իրեն՝ որպես իրավաբանի և մարդու, կարևորելով իր բնավորության համառությունը՝ Սեդա Սաֆարյանն անդրադարձավ իրեն հոգեհարազատ թեմաների:

«Հատկանշական է, որ իրավունքի գերակայության և սոցիալական արդարության ներկայիս պատճառներից մեկն իրավաբանական կրթության ոլորտում վատագույն ավանդույթների ներմուծումն է՝ կաշառակերություն, հովանավորչություն, բացասական սելեկցիա, ինչը խիստ բացասաբար է անդրադարձել նոր սերնդի բազմաթիվ իրավաբանների իրավաընկալման և արժեքաբանության վրա»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Ապա ներկայացրեց իր կենսագրական տվյալները՝ չմոռանալով նշել, որ ներդրում է ունեցել Հայաստանում իրավունքի զարգացման գործում:

«Պրակտիկ մասնագիտական գործունեությունս ուղեկցվել է մեծ մաքառումներով, իրավունքը պաշտպանելու համար տրված կռիվներով, որը հիմնականում եղել է օրվա իշխանության ձևավորման բնույթով՝ որպես հետևանք, իրավունքի և օրինականության նկատմամբ վերջիններիս անհարգալից վերաբերմունքով, իրավունքի և օրենքի գերակայության համար ստեղծված արհեստական արգելքներով»,- իր ելույթում ասաց Սեդա Սաֆարյանը:

Նա նշեց նաև, որ շատ է կարևորում, թե օրվա իշխանությունն ինչպիսին է ցանկացել տեսնել երկրի իրավական համակարգը:

«Եվ կարծում եմ, որ բոլոր նախկին իշխանություններն այս համակարգը հարմարեցրել են իրենց քաղաքական շահերին, և ՀՀ քաղաքացիների համար անպատասխան է մնացել այն հարցը, թե արդյո՞ք քաղաքական իշխանությունը ժողովրդավարական և իրավական պետության ստեղծման և հզորացման մեջ տեսնում է իր ամրությունը, թե՞ հակառակը. իր գոյության համար վտանգ է տեսնում, երբ ամրանում են պետության իրավական և ժողովրդավարական հիմնասյուները»,- նշեց Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 2018թ.-ից է, որ Հայաստանում հետապնդվել է սահմանադրական ժողովրդավարություն դառնալու նպատակ:

Այնուհետև Սեդա Սաֆարյանը բողոքեց, որ 1996 և 1999թթ. անցել է դատավորների պիտանելիության ցուցակ, 100-ից 100 է հավաքել, բայց ոչ մի առաջխաղացում չի ունեցել, ասաց, որ անձնական փորձով է տեսել՝ ինչպես է տեղի ունենում իրավունքի և կուսակցական քաղաքականության սերտաճում: Հետո սկսեց գնահատականներ տալ, թե իր փոխարեն դատավորներ նշանակվեցին մասնագիտական ճանապարհով աչքի չընկածները, որոնց մի մասի իրականացրած արդարադատության արդյունքում, ըստ նրա, Հայաստանը դասվեց քաղաքական բանտարկյալներ ունեցող երկրների շարքում:

ԱԺ իշխանական խմբակցության՝ ՔՊ-ի քվեարկությամբ ընտրվեց…

«Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին»,- ասված էր ՍԴ տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ հիմա բարձրակարգ իրավաբանի (ինչպես ինքն իրեն համարում է) գործունեության բարձրակարգ դրսևորման մասին:

168.am-ի բացառիկ տեղեկություններով՝ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան (3 դիմողների անունները չենք հրապարակում, շատ հայտնի գործ է,- Գ.Ս.), հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք անում Վերաքննիչ քրեական դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022թ. կայացրած որոշման դեմ:

Իր անունից ներկայացրած բողոքով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խնդրում է բավարարել վերաքննիչ բողոքը, վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Մեր տեղեկություններով՝ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության հենց այն պատճառով, որ Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել իր անունից, այսինքն՝ հանդես գալ որպես փաստաբան:

ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 164-րդ հոդվածը սահմանում է դատավորի կարգավիճակը:

Ըստ այդ հոդվածի 6-րդ կետի՝  Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Նույն հոդվածի 9-րդ կետով սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածով էլ սահմանված են Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները:

Ըստ այդ հոդվածի 8-րդ կետի՝ ՍԴ դատավորը պարտավոր է՝

8) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց:

Շատ կարևոր է հասկանալ «ներկայացուցիչ» և «օրինական ներկայացուցիչ» եզրույթների տարբերությունը:

Ներկայացուցիչ կարող է լինել փաստաբանը, իսկ օրինական ներկայացուցիչ՝ օրինակ՝ ծնողը կամ խնամակալը, ենթադրյալ որդեգրողը, հոգաբարձուն:

Սեդա Սաֆարյանը 3 դիմողների ոչ ծնողն է, ոչ խնամակալը, հետևաբար՝ նա իրավունք չուներ որպես նրանց ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք ներկայացնել՝ լինելով ՍԴ դատավոր:

Հիմա հարց՝ արդյո՞ք Սեդա Սաֆարյանը չի խախտել ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, չի չարաշահել իր լիազորությունները, պաշտոնական դիրքը, արդյո՞ք վարձատրություն ստացել է իր մատուցած ծառայությունների դիմաց, կամ եթե նույնիսկ չի ստացել, օրենքն արգելում է ՍԴ դատավորին հանդես գալ որպես ներկայացուցիչ, արդյո՞ք ՍԴ դատավորի կողմից փորձ չի արվել ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի վրա…

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հրատապ բարձրաձայնման կարիք ունեն: Թե չէ՝ ստացվում է՝ թավշյա իշխանությունը ամենաաննշան զանցանքի համար պատժում է ոչ յուրային դատավորին, իսկ յուրայինները կարող են անել՝ ինչ ուզում են: