Վերջին 4 օրում Արցախում ևս 700 մարդ կորցրել է աշխատանքը, 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ


Վերջին 4 օրում Արցախում ևս 700 մարդ կորցրել է աշխատանքը, 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Հունվար 20 12:36 2023

Արցախում դադարեցվել են բոլոր դպրոցների աշխատանքները՝ ջեռուցման խնդիրներով պայմանավորված: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:

 

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

 

Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 2 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:

 

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

 

Հունվարի 19-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ:

 

 

Հոսանքի հաճախակի տատանումները հրդեհի պատճառ են դարձել:

 

 

Հունվարի 18-ին Ստեփանակերտի բնակչի տանը հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելուց հետո պարզվել է, որ այրվում են էլեկտրահաշվիչի լարերը: Շենքը հոսանքազրկվել է, որից հետո հրշեջ-փրկարարները մարել են կրակը:

 

Օրվա վիճակագրական թարմացումներ

 

9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

 

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

 

Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

 

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

 

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը (Հունվարի 16-ի դրությամբ՝ եկամտի աղբյուրը կորցրածների թիվը 3400 էր-խմբ):

 

Ավելի քան 15,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

 

Կարևոր փաստեր

 

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 40 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

 

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

 

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

 

Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ գրեթե 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

 

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: